Օբաման և Ռոմնին կենտրոնանում են անցյալում արված հայտարարությունների վրա

Ռոմնի. Իմ խորհրդականները քարոզարշավներ են անցկացրել ամբողջ աշխարհում՝ Հայաստանում, Աֆրիկայւում, Իսրայելում
ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության նախագահական թեկնածու Միթ Ռոմնին խորացնում է նախագահ Բարաք Օբամայի հետ երկրի կառավարության դերի վերաբերյալ ունեցած տարբերությունը՝ փորձելով կասեցնել այն վնասը, որն իր ընտրարշավին հասցրել է գաղտնի եղանակով նկարահանված՝ վերջերս հրապարակված տեսանյութը:

Տեսանյութում Ռոմնին նկարագրում է նախագահ Օբամայի կողմնակիցներին որպես մարդկանց, «որոնք կարծում են, թե կարող են ստանալ հարկատուների կողմից վճարված նպաստները»:

«USA Today» ամերիկյան պարբերականում հրապարակված հեղինակային հոդվածում Ռոմնին գրում է, որ Օբամայի նախագահության ընթացքում «ձևավորվել է կառավարության վրա հուսադրումը խրախուսող տնտեսական լճացում»:

Այս հայտարարությունը Ռոմնին մանրամասնել է ավելի ուշ՝ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում անցկացված արշավի ժամանակ, որի ընթացքում ասել է աջակիցներին, թե «նախագահ Օբամայի քաղաքականությունը վերջ կտա տարիներ շարունակ մեր տնտեսության աճն ապահոված ամերիկյան ձեռներեցության ոգին»:

Ռոմնին ընտրարշավի ընթացքում կենտրոնացել է մի տեսանյութի վրա, որտեղ 1998 թվականին Իլինոյս նահանգի այնժամյա սենատոր Բարաք Օբաման ֆինանսական կարողության բաշխման մեջ կառավարության դերի բարձրացման կողմ է արտահայտվել:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին Ռոմնիի նախընտրական շտաբի կողմից այս տեսանյութի ցուցադրումը «թեման փոխելու հուսահատ փորձ» է անվանել:

Հիշեցնենք, որ հանրապետական նախագահական թեկնածուն խիստ քննադատության է ենթարկվել ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների կողմից այս տարվա մայիս ամսին ֆինանսական միջոցներ հայթայթելուն նվիրված մասնավոր միջոցառման ընթացքում արված իր մեկնաբանությունների համար:

Լրատվամիջոցների կողմից վերջերս հրապարակված տեսանյութում Ռոմնին ասել է, թե նախագահ Օբամային աջակցող ԱՄՆ-ի ընտրողների գրեթե կեսը «կառավարության նպաստներից կախում ունեցող զոհեր են», և թե իրեն «նման մարդիկ չեն անհանգստացնում»:

Գաղտնի եղանակով տեսագրված նյութում Ռոմնին խոսել է նաև ընտրական իր շտաբում ընդգրկված հմուտ մասնագետների մասին:

«Նախընտրական իմ շտաբում ընդգրկված են չափազանց մեծ փորձառություն ունեցող, մեծ հաջողությունների հասած խորհրդականներ, որոնք քարոզարշավներ են անցկացրել ամբողջ աշխարհում՝ Հայաստանում, Աֆրիկայւում, Իսրայելում: Նկատի ունեմ՝ նրանք աշխատում են Բիբի Նեթանյահուի հետ», - ասել է Ռոմին՝ ընդգծելով իր ունեցած մտերիմ կապերն Իսրայելի վարչապետի հետ:

Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Ռոմնիի աջակիցները մտահոգություն են հայտնել նրա ընտրարշավում վերջերս տեղի ունեցած մի քանի սխալ քայլերի մասին, ներառյալ Եգիպտոսում հակաամերիկյան ցույցերի և Լիբիայում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա կատարված հարձակման վեարբերյալ արձագանքը: Ռոմնին վերջերս սկսել է զիջել նախագահ Օբամային հասարակական կարծիքի հարցումներում ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ նախագահական ընտրությունների արդյունքների համար կարևոր դեր ունեցող նահանգներում: