Օբաման և Մերքելը զգուշացրել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

«Եթե Ռուսաստանը շարունակի հրահրել խռովություններն Ուկրաինայում, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու իր շրջապատի անդամների դեմ կկիրառվեն հետզհետե խորացող պատժամիջոցներ»
«Եթե Ռուսաստանը շարունակի հրահրել խռովություններն Ուկրաինայում, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու իր շրջապատի անդամների դեմ կկիրառվեն հետզհետե խորացող պատժամիջոցներ»:

Այս նախազգուշացմամբ ուրբաթ օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

ԱՄՆ-ի նախագահը գովասանքի խոսքեր է ուղղել Գերմանիային՝ Ուկրաինայի հարցում վստահելի գործընկեր լինելու համար, և նշել, որ «երկու պետությունները միասնական են Ուկրաինային անսասան աջակցություն տրամադրելու հարցում»:

Երկու պետությունների ղեկավարները նշել են, որ Ուկրաինայում ծավալված ճգնաժամն անհրաժեշտ է լուծել դիվանագիտական միջոցներով: Հակառակ դեպքում, զգուշացրել է նախագահ Օբաման, «Պուտինն ու Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման մեջ ներառված այլ անձինք դեմ առ դեմ կկանգնեն նման գործողությունների հետզհետե խորացող հետևանքներին, ինչպես նաև աճող մեկուսացման»:

ԱՄՆ-ի նախագահն ու Գերմանիայի կանցլերը համատեղ հարցազրույցի ընթացքում տեղեկացրել են, որ նրանց միջև անցկացվել է Մոսկվայի կողմից Ուկրաինայում լարվածությունը սաստկացնելու դեպքում Ռուսաստանի տնտեսության դեմ ուղղված ավելի խիստ պատժամիջոցների ընդունման հնարավորությունը:

Գերմանիայի խոշորագույն գործարար կազմակերպությունները սակայն դեմ են հանդես գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խորացման: Այս կազմակերպություններից են «Դոյչե բանկ», «Ֆոլկսվագեն», Ադիդաս», քիմիական ոլորտում գործող «ԲԱՍՖ» և ինժեներական և էլեկտրոնային ոլորտում գործող «Սիմենս» ընկերություններն են: