«Իսլամական պետությունը» Ֆրանսիայի և միջազգային հանրության առաջնային խնդիրն է

Obama - Holland

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը փորձում է աշխարհի տերություններին դրդել էլ ավելի սերտ աշխատել միասին՝ պայքարելու «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Նա երեքշաբթի ժամանել է Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի նախագահի հետ քննարկելու այդ հարցը:

Երկուշաբթի օրը Օլանդը ընդունել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին և ավելի ուշ այս շաբաթ հանդիպումներ կունենա Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների հետ:

Սպիտակ Տան խոսնակ Ջոշ էրնսթը նշել է, որ Օբաման և Օլանդը քննարկել են հետագա համագործակցության հարցերը՝ իբրև ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիայի գործողությունների մաս, որը հարվածներ է հասցնում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Իրաքում և Սիրիայում:

Էրնսթը երկուշաբթի ողջունել է Ֆրանսիայի կողմից ռազմաօդային հարվածների ընդլայնումը. «ԱՄՆ-ը հավատացած է, որ շատ ավելին կարելի է անել, եթե երկրները ցանկություն ունենան հավելյալ միջոցներ ներդնել այդ պայքարում», - ասել է Էրնսթը:

Նա ասել է, որ ԱՄՆ-ն այսպիսով հումանիտար աջակցության և ռազմական ջանքերի առումով, ամենամեծ նպաստն է բերում այդ պայքարում՝ սակայն Միացյալ Նահանգները ունի հատուկ իրեն բնորոշ կարողություններ և պատրաստակամ է անել դա:

Քեմերոնը երկուշաբթի օրը Ֆրանսիային առաջարկել է նորովի աջակցել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ իր օդային ռազմարշավում: Նա Օլանդին ասել է, որ Ֆրանսիական գրոհային կործանիչները կարող են օգտագործել Կիպրոսի բրիտանական ռազմակայանը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ իրականացվող իրենց առաքելության մեջ. «Հաստատապես աջակցում եմ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ նախագահ Օլանդի նախաձեռնած օդային հարվածները։ Իմ խորին համոզմամբ Բրիտանիան պետք է նույնպես այդպես վարվի», - ասել է Քեմերոնը: Փարիզի միակ ավիակիր «ՇառլԴը Գոլը» արդեն իսկ մոտեցել է Սիրիայի ափերին՝ ի հավելումն Կիպրոսի ավիաբազայի կիրառման հնարավորության: Ֆրանսիան նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նոր բանաձև, որը կոչ է անում միասնաբար ոչնչացնել ահաբեկչության այդ օջախը Սիրիայում:

Ռուսաստանը արդեն երկու ամիս է, ինչ ռմբակոծումներ է իրականացնում Սիրիայում, սակայն այն հանդիպում է Արևմտյան պետությունների հանդիմանությանը, ըստ որոնց՝ հարվածները ուղղված են ոչ միայն՝ «Իսլամական պետություն» խմբավորման, այլ նաեւ Սիրիայի նախագահ Ասադի ընդդիմադիրների դեմ:

ԱՄՆ-ի նախագահ Օբաման կիրակի օրը նշել է, որ իր կարծիքով Ռուսաստանի օդանավի ռմբահարումները, հանգեցնում են այն մտայնության, որ «Իսլամական պետություն» խմբավորումը Ռուսաստանի ամենամեծ մտահոգությունն է Մերձավոր Արևելքում:

երեքշաբթի նախագահ Օլանդի հետ հանդիպման ժամանակ Բարաք Օբաման կարևորեց միասնական պայքարը ծայրահեղականների դեմ. «Այս բարբարոս ահաբեկչական խմբավորումը՝ Դաեշը, իր մարդատյաց գաղափարախոսությամբ մեզ բոլորիս լուրջ սպառնալիքի առջև է կանգնեցրել: Դա չի կարող հանդուրժվել, այն պետք է կործանվի և մենք դա պետք է միասին անենք: Այս նպատակի միասնությունն է, որ մեզ բերել է այստեղ այսօր», - ասել է Օբաման:

Այդ օրը տեղի ունեցած հանդիպմանը նախագահ Օբաման դրվատանքով խոսեց Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դաշինքի մասին և աջակցություն հայտնեց Ֆրանսիայի նախագահ Օլանդի ջանքերին.

Երեքշաբթի օրը Բելգիայում դպրոցները և մետրոյի համակարգը մնում էին փակ, իսկ Բրյուսելը մնում է խիստ անվտանգության միջոցառումների ներքո։ Բնականոն կյանքը խստորեն ընդհատվել է: Այդ վիճակը ենթադրվում է, կպահպանվի մինչև շաբաթավերջ: