Նախագահ Օբաման այցելել է Կոլորադո նահանգը, կարեկցանք է հայտնել հրաձգության զոհերին և նրանց ընտանիքներին

Կասկածյալ Ջեյմս Հոլմսն առաջին անգամ դատարանի առաջ կկանգնի երկուշաբթի օրը
ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման իր կարեկցանքն է հայտնել Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքում տեղի ունեցած հրաձգության պատճառով 12 զոհվածների և 58 վնասվածք ստացածների ընտանիքներին:

Քաղաքում, որի բնակիչներին ծանր հարված է հասցրել այս ողբերգությունը, նախագահ Օբաման կիրակի օրն այցելել է Կոլորադո նահանգի համալսարանի հիվանդանոցը: Հիվանդանոցում նա առանձին հանդիպումներ է ունեցել ինտենսիվ խնամքի բաժանմունքում դեռևս գտնվող հրաձգության պատճառով վնասվածքներ ստացած որոշ անձանց և նրանց ընտանիքների հետ:

Հանդիպումների ընթացքում ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ այցելություն է կատարել ոչ այնքան որպես նախագահ, այլ որպես հայր և ամուսին:

«Խոստովանեցի, որ նման իրավիճակներում խոսքերը միշտ անտեղի են, սակայն իմ հիմնական նպատակն է եղել հանդես գալ որպես ամբողջ երկրի ներկայացուցիչ և տեղեկացնել իրենց, որ մենք այս պահին մտածում ենք նրանց մասին և շարունակելու ենք անել դա ամեն օր, քանի որ այն հանգամանքը, որ նրանց մասին մտածում է ոչ միայն ամբողջ Ամերիկան, այլ նաև աշխարհը, կարող է մի փոքր մխիթարություն տա նրանց», - ասել է նախագահը:

ԱՄՆ-ի նախագահն իր ունեցած հանդիպումների ժամանակ փորձել է վստահեցնել մարդկանց, որ չնայած հրաձգությունն իրականացրած կասկածյալը բավականին մեծ ուշադրության է արժանացել լրատվամիջոցների կողմից, սակայն այս ուշադրությունը կմարի, և հիշողության մեջ կմնան միայն «այս ողբերգության պատճառով վնասվածքներ կրած մարդիկ»:

Հրաձգություն իրականացրած կասկածյալ Ջեյմս Հոլմսը գտնվում է կալանքի տակ, իսկ ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը: Հոլմս առաջին անգամ դատարանի առաջ կանգնելու է երկուշաբթի օրը:

Նախագահ Օբաման և հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածու Միթ Ռոմնին Կոլորադո նահանգում տեղի ունեցած ողբերգության պատճառով հեռուստացույցների էկրաններից հանել են քաղաքացիական իրենց գովազդը: