ԱՄՆ-ի զինված ուժերը դուրս են բերվում Աֆղանստանից. Օբամա

Նախագահ Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգների զինծառայողներն Աֆղանստանում անցկացրել են ավելի շատ ժամանակ, քան նախատեսված էր սկզբում: Այս ջանքերը, ըստ նրա, ապարդյուն չեն եղել, քանի որ «ալ-Քաիդա»-ին ծանր վնաս է հասցվել և շատ է թուլացվել, իսկ Օսամա բին Լադենը ոչնչացվել է
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգների զինծառայողները կդադարեցնեն մասնակցությունը Աֆղանստանի տարածքում անցկացվող ռազմական գործողություններին 2014 թվականի վերջին:

Իր ուղերձում ԱՄՆ-ի նախագահը շնորհակալություն է հայտնել ամերիկացի զինծառայողներին և քաղաքացիական անձանց, որոնք կատարել են և շարունակում են կատարել իրենց պարտքն Աֆղանստանում: Նա շեշտել է, որ Աֆղանստանի գործերում միջամտել Միացյալ Նահանգներին ստիպել էին «ալ-Քաիդա»-ի կողմից կազմակերպված ահաբեկչական հարձակումները, և այս կազմակերպությունը ռազմակայաններ ուներ Աֆղանստանի տարածքում:

Նախագահ Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգների զինծառայողներն Աֆղանստանում անցկացրել են ավելի շատ ժամանակ, քան նախատեսված էր սկզբում: Այս ջանքերը, ըստ նրա, ապարդյուն չեն եղել, քանի որ «ալ-Քաիդա»-ին ծանր վնաս է հասցվել և այն շատ է թուլացել, իսկ Օսամա բին Լադենը ոչնչացվել է:

Բարաք Օբաման փաստել է, որ Միացյալ Նահանգները, տապալելով թալիբների իշխանությունը, «դադարեցրել է ծայրահեղության բռնակալությունը» և թույլ է տվել աֆղանստանցիներին նորմալ կյանքով ապրել:

Միացյալ Նահանգների նախագահը տեղեկացրել է ապագայի ծրագրերի մասին: Նրա համաձայն, Աֆղանստանում ԱՄՆ-ի զինված ուժերի ռազմական առաքելությունը կավարտվի այս տարվա վերջին, որից հետո ԱՄՆ-ի զինծառայողները ստանձնելու են միայն խորհրդատուների և հրահանգիչների դերը: Միացյալ Նահանգները պատրաստ է լինելու շարունակել ռազմական համագործակցությունը 2014 թվականից հետո՝ վարժեցնելով Աֆղանստանի անվտանգության ուժերի ծառայողներին և աջակցություն տրամադրելով նրանց՝ «ալ-Քաիդա»-ի դեմ ուղղված գործողությունների անցկացման ժամանակ:

Նախագահ Օբաման տեղեկացրել է, որ 2015 թվականի սկզբին Աֆղանստանում է մնալու Միացյալ Նահանգների մոտ 9,8 հազար զինծառայող: Մինչև գալիք տարվա վերջ ամերիկացի զինծառայողների թիվը կնվազի ևս երկու անգամ, և նրանք տեղակայված կլինեն միայն Քաբուլում և Բաղրամում, իսկ 2016 թվականին ամերիկացի զինծառայողները գտնվելու են միայն Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանության տարածքում:

ԱՄՆ-ի նախագահը զգուշացրել է սակայն, որ Աֆղանստանում Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը կպահպանվի 2014 թվականից հետո միայն այն դեպքում, եթե Աֆղանստանի նոր նախագահը կստորագրի համապատասխան երկկողմանի համաձայնագիր: