Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ դադարեցնում է բոլոր տեսակի հարաբերությունները Հարավային Կորեայի հետ: Այս մասին տեղեկացնում է երկրի պետական KNCA գործակալությունը:
Հյուսիսային Կորեայի վերամիավորման հանձնաժողովի հայտարարությունում նշվում է, որ քանի դեռ Հարավային Կորեայի նախագահն է Լի Մյունգբակը, իրենք կողմերի միջև առաջընթացի որևէ հեռանկար չեն տեսնում:
Փխենյանի կողմից հրապարակված հայտարարությունը ենթադրում է, որ առաջիկայում Հարավային Կորեայից եկող նավերին և ինքնաթիռներին արգելվելու է անցնել Հյուսիսային Կորեայի ջրային և օդային տարածքներով:
Մինչ այս` երկուշաբթի օրը, Հարավային Կորեան արդեն իսկ ազդարարել էր Հյուսիսի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու իր ծրագրերի մասին: Հիշեցնենք, որ կողմերի միջև առկա հակասությունները կրկին սրվել էին այն բանից հետո, երբ այս տարվա մարտ ամսին հարավկորեական մի նավ էր խորտակվել տորպեդոյի հարվածի արդյունքում:
Միջազգային հետաքննությունը պարզել էր, որ 46 նավաստիները զոհվել էին Հյուսիսային Կորեային պատկանող սուզանավի հարձակման արդյունքում: Պաշտոնական Փխենյանը հերքում է իր առնչությունը միջադեպին: