Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստացել է ձայների 100 տոկոսը

Քիմ Ջոնգ Ունի ընտրական շրջանում ընտրողների մասնակցությունը կազմել է 100 տոկոս
Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցների համաձայն, երկրի առաջնորդ Քիմ Ջոնգ Ունն ընտրվել է Հյուսիսային Կորեայի օրենսդրական բարձրագույն մարմին՝ ստանալով ընտրական իր շրջանի քվեարկողների ձայների 100 տոկոսը:

Հաղորդագրության համաձայն, Քիմ Ջոնգ Ունի ընտրական շրջանում ընտրողների մասնակցությունը կազմել է 100 տոկոս:

Հյուսիսային Կորեայում կիրակի օրն անցկացվել են երկրի խորհրդարանի նոր կազմի ընտրություններ: Ընտրությունները սակայն մրցակցային չեն եղել, քանի որ երկրի ընտրական բոլոր 687 տեղամասերում գրանցված են եղել մեկական թեկնածուների անուններ:

Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովրդական ժողովի ընտրություններն հինգ տարվա ընթացքում, ինչպես նաև երկրի ներկայիս առաջնորդ Քիմ Ջոնգ Ունի պաշտոնավարման ընթացքում անցկացված առաջին ընտրություններն են:

Գերագույն ժողովրդական ժողովը, Հյուսիսային Կորեայի սահմանադրության համաձայն, երկրի ամենամեծ լիազորություններով օժտված մարմինն է, սակայն իրականում այն քաղաքական բավականին քիչ իշխանություն ունի: