Իտալիայի նոր վարչապետը տնտեսական աճին օժանդակելու կոչ է արել

«Միմիայն ֆինանսական խիստ խնայողության միջոցների կիրառումը կսպանի Իտալիան, հրատապ անհրաժեշտություն ունի տնտեսական աճին նպաստող քաղաքականության իրականացումը»
Իտալիայի նորանշանակ վարչապետ Էնրիկո Լետան կոչ է արել իր երկրին և եվրոյի գոտու անդամ պետություններին օժանդակություն ցուցաբերել տնտեսական աճին նպաստող քաղաքականությանը և դադարեցնել միայն ֆինանսական խիստ խնայողության միջոցների կիրառումը որպես Եվրոպայում շարունակվող պետական պարտքային ճգնաժամի հաղթահարման համար կիրառվող միակ եղանակ:

Նորանշանակ վարչապետ Լետան, երկրի խորհրդարանին ուղղված իր առաջին ուղերձում ասել է, թե միմիայն ֆինանսական խիստ խնայողության միջոցների կիրառումը կսպանի Իտալիան, և որ հրատապ անհրաժեշտություն ունի տնտեսական աճին նպաստող քաղաքականության իրականացումը:

Իտալիայի վարչապետի համաձայն, գալիք մի քանի օրվա ընթացքում նա կայցելի Բրյուսելում, Փարիզում և Բեռլինում Եվրամիության առաջնորդներին՝ այցելությունների ընթացքում առաջ քաշելով Եվրոպայի պարտքային ճգնաժամի լուծումը ծախսերի կրճատման, ավելի բարձր հարկադրույքների կիրառման և պետական բյուջեից ֆինանսավորող աշխատատեղերը փակելուն ուղղված քաղաքականության մեջ փոփոխություն իրականացնելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում նախօրեին, երկրի վարչապետի գրասենյակներին պատկանող շենքի առջև, երբ մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա երդում էին տալիս նոր վարչապետն ու կառավարությունը, հրազենային հարձակում էր իրականացվել։ Հարձակման արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել երկու ոստիկան։

Ոստիկանությանը հաջողվել էր հարձակումից քիչ անց ձերբակալել կասկածյալին։ Քննիչներից մեկի համաձայն, հարձակումն իրականացրածի թիրախը եղել են Իտալիայի քաղաքական գործիչները։


Հրազենային հարձակման ժամանակ Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան ու նրա կառավարության կազմը երդում էին տալիս նախագահական պալատում։ Լետան կազմել է կոալիցիոն կառավարություն իր ձախ-կենտրոնամետ և նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի պահպանողական դաշինքի միասնությամբ։