Հյուսիսատլանտյան դաշինքը հզորացնելու է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ իր գործողությունները և ջանքեր է գործադրելու՝ ամրապնդելու Ուկրաինան: Խոսելով Վաշինգտոնում «Ատլանտյան խորհրդի» բեմահարթակից՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը նշել է, որ ուժեղ ՆԱՏՕ-ն ապագայի պաշտպանն է:
«ՆԱՏՕ»-ն չի ցանկանում հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ: Մենք խուսափելու ենք նոր սառը պատերազմից: Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք ձգտում ենք լինել ավելի պատրաստակամ համագործակցության համար ու ավելի կառուցողական: Սակայն մենք հավատացած ենք, որ պետք է հզոր լինենք, պետք է ամուր լինենք, պետք է կանխատեսելի լինենք՝ հիմք հաստատելու Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունների ու երկխոսության համար», - ասել է Սթոլթենբերգը:
Ավելի ուշ, խոսելով «Ամերիկայի Ձայնի» թղթակցի հետ, Սթոլթենբերգը ասաց, որ ՆԱՏՕ-ն պետք է ունակ լինի առերեսվելու հարավային թևից՝Մերձավոր Արևելքից ու Աֆրիկայից ու միևնույն ժամանակ Ռուսաստանի ու Հեռավոր Արևելքի կողմից եկող մարտահրավերներին:
Նա ակնկալում է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը առժամանակ դեռ կմնա իբրև սպառնալիք, սակայն Սթոլթենբերգը ավելացրել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելացնի դաշնակից երկրների զինված ուժերի պատրաստականության բարձրացման վարժանքային աշխատանքները:
Սթոլթենբերգը նաև խորհրդակցություններ է անցկացնում ԱՄՆ-ի ղեկավարության հետ՝ նախքան հուլիսին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որտեղ օրակարգի կարեւոր հարցերից է լինելու Մերձավոր Արևելքում ու Եվրոպայում փախստականների ճգնաժամը։
Your browser doesn’t support HTML5