ՆԱՏՕ-ն ընդլայնելու է ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում

«Նախատեսում ենք ավելացնել ռազմաօդային և ռազմածովային ուժերի ներկայությունը և բարձրացնել ցամաքային ուժերի պատրաստվածությունը», ասել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ռասմուսենը
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն դաշինքը նախատեսում է ամրապնդել իր ներկայությունը Արևելյան Եվրոպայում՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից վերջերս ձեռնարկված քայլերի:

«Նախատեսում ենք ավելացնել ռազմաօդային և ռազմածովային ուժերի ներկայությունը և բարձրացնել ցամաքային ուժերի պատրաստվածությունը», - ՆԱՏՕ-ի կողմից կայացված որոշումից հետո ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

Անդերս Ֆոգ Ռասմուսենի համաձայն, բալթյան տարածաշրջանում կավելացվի պարեկային թռիչքների հաճախությունը, իսկ դաշինքի ռազմածովային ուժերի նավերը կուղարկվեն Բալթյան և Միջերկրական ծովեր, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ վայրեր:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ավելի վաղ տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա կատարված ներխուժումն ավելացրել է երկրի սեփական անվտանգության մասին ունեցած մտահոգությունները:

Վրաստանն արդեն երկար ժամանակ է, ինչ ցանկություն է հայտնել միանալու ՆԱՏՕ-ին, սակայն Ռուսաստանի հետ 2008 թվականին տեղի ունեցած պատերազմից հետո Հյուսիսատլանտյան դաշինք Վրաստանի անդամակցության մասին դիմումը դադարեցվել էր: Ղրիմյան իրադարձություններից հետո սակայն Վրաստանի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը կրկին բարձրացվել է:

Այս տարվա սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ քննարկման է դրվելու չորս պետությունների՝ Վրաստանի, Մոնտենեգրոյի, Մակեդոնիայի և Բոսնիայի, ՆԱՏՕ-ի «Բաց դռների» քաղաքականության շուրջ դիրքորոշումը: