«Freedom House»-ը հրապարակել է «Պետություններ անցումային շրջանում 2014» զեկույցը

Ըստ զեկույցի, Հայաստանը մնում է «կիսահամախմբված ավտորիտար վարչակարգ» ունեցող պետությունների շարքում
«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Պետություններ անցումային շրջանում» զեկույցը, որտեղ ներկայացվում է անցյալ տարվա ընթացքում Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի և Եվրասիայի պետությունների ժողովրդավարության ոլորտներում տեղի ունեցած զարգացումները:

Զեկույցի հրապարակումն ուղեկցող մամուլի հաղորդագրությունում իրավապաշտպան կազմակերպությունը մասնավորապես նշել է, որ զեկույցը ցույց է տալիս, թե ինչպես է Ռուսաստանը ծառայում որպես ամբողջ Եվրասիայում անկախ ինստիտուտների նահանջի քաղաքականության համար «ոգեշնչող» օրինակ, ինչի հետևանքով անցյալ տարվա ընթացքում ամբողջ տարածաշրջանում գրանցվել են ճնշումների նոր և մտահոգիչ մակարդակներ:

«2013 թվականի իրադարձությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանի վարչակարգը օրինակ է ծառայում ավտորիտար այլ առաջնորդների համար նույնիսկ այն պետություններում, որոնց իշխանությունները ինստիտուցիոնալ մակարդակի հասցված դաժանություններով ու անհանդուրժողականությամբ գերազանցել են Ռուսաստանին», - ասում է «Պետություններ անցումային շրջանում» զեկույցի ծրագրի ղեկավար Սիլվանա Հաբդանկ-Կոլաչկովսկան՝ մատնանշելով, որ տասը տարի առաջ «համախմբված ավտորիտար վարչակարգ» ունեցող պետություններում ապրում էր Եվրասիայի բնակիչների հինգից մեկը, իսկ այժմ՝ հինգից չորսը:

Ըստ զեկույցի, անցյալ տարվա ընթացքում դրական զարգացումներ են գրանցվել Կոսովոյում, Ալբանիայում և Վրաստանում, որտեղ բարելավվել է ընտրությունների անցկացումն ու իրականացվել է իշխանության խաղաղ անցում:

«2013 թվականի ամենաոգևորիչ միտումը եղել է այն, որ քաղաքացիական հասարակությունը իր ձայնը բարձրացրել է ընդդեմ ճնշումների դիմած իշխանությունների կամ ոչ պատշաճ մակարդակի կառավարման: Քաղաքացիական հասարակությունն իր ձայնը բարձրացրել է ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև Կենտրոնական Եվրոպայի, Ղրղզստանի և բալկանյան պետություններում», նշել է «Պետություններ անցումային շրջանում» զեկույցի ծրագրի ղեկավարը:

Ըստ զեկույցի, Ռուսաստանում, Ադրբեջանում և Ղազախստանում քաղաքացիական հասարակության համար մթնոլորտն ավելի թշնամական է դարձել: Ուկրաինայում և Ղրղզստանում քաղաքացիական հասարակությունը սակայն դիմադրություն է ցուցաբերել, և երկու պետությունն էլ այս կարգում առաջընթաց են գրանցել:

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշված է նաև, որ Վրաստանն ու Ղրղիզստանը դարձել են Եվրասիական միակ պետությունները, որոնք վերջին հինգ տարվա ընթացքում շարունակաբար բարելավում են գրանցել:

«Պետություններ անցումային շրջանում» զեկույցում ներկայացվել է պետություններում ժողովրդավարության զարգացման առանձին յոթ ցուցանիշ, որոնք են «Ընտրական գործընթացը», «Քաղաքացիական հասարակության վիճակը», «Մամուլի ազատությունը», «Ժողովրդավարական կառավարումը պետական մակարդակով», «Պետական կառավարման ժողովրդավարությունը», «Տեղական կառավարման ժողովրդավարությունը», «Դատական համակարգի անկախությունը» և «Կաշառակերությունը»:

Այս յոթ ցուցանիշներից 2014 թվականի զեկույցում, համեմատած 2013-ին գրանցված տվյալների, Հայաստանում բոլոր ցուցանիշներն անփոփոխ են մնացել:

«Freedom House» կազմակերպության զեկույցում նշված է, որ Հայաստանը մնում է «կիսահամախմբված ավտորիտար վարչակարգ» ունեցող պետությունների շարքում: