ԱՄՆ-ում մեկնարկել են մահմեդականների ծայրահեղականացման վերաբերյալ լսումները

ԱՄՆ-ի օրենսդիրները մեկնարկել են Միացյալ Նահանգներում մահմեդական համայնքի ծայրահեղականացման աստիճանը որոշելու նպատակով անցկացվող վիճահարույց լսումները:

Լսումները վարում է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության հանձնաժողովի նախագահ Փիթեր Քինգը: Նա քննադատել է ԱՄՆ-ում բնակվող մահմեդականների առաջնորդներին` իրավապահ մարմիններին կասկածելի գործունեության մասին պատշաճ կերպով տեղեկություններ չտրամադրելու համար:

Քինգը խիստ քննադատության է ենթարկվում ԱՄՆ-ի մահմեդականություն դավանող քաղաքացիներին առանձնացնելու պատճառով: Հինգշաբթի օրը նա սակայն ասել է, թե անցկացնելով լսումները` Սպիտակ տունը տրամաբանորեն է արձագանքում հրատապ լուծում պահանջող նախազգուշացումներին, որոնք, ըստ նրա, «ալ-Քիադա»-ի կողմից երիտասարդ ամերիկացիներին ծայրահեղականացնելու ուղղությամբ տարվող աշխատանքի արդյունք են:

Լսումների ընթացքում ելույթ են ունենալու ԱՄՆ-ի Կոնգրեսում ընտրված առաջին մահմեդական ներկայացուցիչ Քեյթ Էլիսոնը, ծայրահեղական գործունեությամբ զբաղվող երիտասարդների ընտանիքների անդամները, ինչպես նաև` Լոս Անջելեսի մարզի շերիֆ Լերոյ Բաքան, որը նախկինում իր գովասանքի խոսքերն է ուղղել այս մարզում բնակվող մահմեդական կազմակերպություններին` անցկացվող հետաքննությունների ժամանակ օժանդակություն ցուցաբերելու համար:

ԱՄՆ-ում բնակվում է մահմեդականություն դավանող մոտ յոթ միլիոն մարդ: