Եգիպտոսում վիճարկվում է «Մահմեդական եղբայրության» թեկնածուի հաղթանակը

Եգիպտոսում «Մահմեդական եղբայրության» թեկնածու Մոհամմեդ Մորսին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ինքը հաղթել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով:

Մորսիի մրցակից, երկրի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիքը սակայն վիճարկել է ոչ պաշտոնական արդյունքները, իսկ Եգիպտոսի ռազմական խորհուրդն այս ընթացքում հայտնել է բազմաթիվ լիազորություններ իր ձեռքում կենտրոնացնելու մասին, ինչը կասկածի տակ է դնում երկրում իշխանության փոխանցման հաջող իրականացումը:

Ընտրատարածքները փակվելուց անմիջապես հետո Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհուրդը հրապարակել է սահմանադրական հռչակագիր, որի համաձայն ինքն իրեն փոխանցել է օրենսդիր իշխանությունը, վերահսկողությունը երկրի տնտեսության նկատմամբ, ինչպես նաև երկրի նոր սահմանադրության հեղինակին ընտրելու իրավունքը:

Եգիպտոսում նախագահի իրավասությունները հստակ սահմանված չլինելու պայմաններում և դատարանի որոշմամբ մահմեդականամետ խորհրդարանը ցրելու պայմաններում Մորսիի հաղթանակը, նույնիսկ հաստատվելու դեպքում, կարող է վտանգված լինել: