Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը չորեքշաբթի օրը ներկայացել է դատարան, որտեղ իրեն ներկայացվել են հակակառավարական ցուցարարների սպանության և կաշառակերության մեղադրանքներ:
Եգիպտոսի պատմության մեջ նախադեպը չունեցող այս դատավարությանն ուղղված է երկրի հասարակության ուշադրությունը:
Դատավարության ժամանակավոր դահլիճ Մուբարաքը տեղափոխվել է բժշկական անվավոր պատգարակով՝ զբաղեցնելով իր տեղի որդիներ Գամալի և Ալաայի, ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիի և անվտանգության ուժերի նախկին վեց սպաների կողքին:
Դատավորի այն հարցին, արդյոք Մուբարաքը գիտակցում է, որ իրեն ներկայացվում են 18 օր տևած ապստամբության ընթացքում ցուցարարներին սպանելու հրաման տալու մեղադրանքներ, նա պատասխանել է դրական, սակայն կտրականապես հերքել է այդ մեղադրանքները: Ավագ Մուբարաքն իր որդիների հետ միասին հերքել է նաև իրենց ներկայացվող կաշառակերության մեղադրանքները:
Մեղավոր ճանաչվելու դեպքում ամբաստանյալներին մահապատիժ է սպառնում:
Եգիպտոսի խոշոր գործարար Հուսեյն Սալեմի դատավարությունն անցկացվելու է հեռակա կարգով:
Եգիպտոսի դատական իշխանությունները, անվտանգության պահանջներից ելնելով, դատավարությունը Կահիրեի համագումարների պալատի փոխարեն անցկացնում են քաղաքի ոստիկանության ուսումնական կենտրոնում:
Եգիպտոսում այս տարվա սկզբին տեղի ունեցած ապստամբության ընթացքում զոհվել է ավելի քան 800 մարդ: