Մայամին արագ աճի շնորհիվ ստացել էր «կախարդական քաղաք» անվանումը: Այժմ ֆինանսական ճգնաժամի հետևանքով մի քանի ծանր տարիներ անց այդ «հրաշքը» տիրում է բնակարանների շուկայում: Մայամիում տների վաճառքն այս տարի աճել է 50 տոկոսով, մինչդեռ Միացյալ Նահանգներում տների վաճառքի շուկայում ընդհանուր առմամբ շարժ չի եղել:
Երբ մի քանի տարի առաջ տնտեսությունը սկսեց անկում ապրել, բնակարանների վաճառքը նվազեց։ Սակայն գների անկումից հետո իրավիճակը փոխվեց:
«Ֆորչըն ինթերնեյշընըլ ռիելթի» ընկերության կառավարիչ Օլիվեր Ռուիցի համաձայն, Մայամիի շուկան արագ է վերականգնվում, հիմնականում՝ շնորհիվ օտարերկրացիների: Նա ասում է, որ աշխարհի բոլոր երկրներից գնորդներ են գալիս Մայամի:
Թույլ դոլարը մեկ այլ խթան էր օտարերկրացիների համար: Մայամիի անշարժ գույքով զբաղվողների գնահատմամբ, կենտրոնում վաճառքի 90 տոկոսը պատկանում է միջազգային գնորդներին, ում մեծ մասը վճարում է ամբողջությամբ կանխիկ:
Սակայն Հարավային Ֆլորիդայի անշարժ գույքի շուկան միայն շքեղ առանձնատները չեն: Անդրեա Հյուսընը անշարժ գույքի ֆինանսներ է դասավանդում Մայամիի համալսարանի անշարժ գույքի շուկայի ֆինանսների դասախոս Անդրռեա Հյուսընի համաձայն, կան շրջաններ, որտեղ պահանջարկն իսկապես մեծ է, սակայն հեռավոր որոշ վայրերում առաջարկի ավելցուկ կա, և շուկայի կարգավորման համար տարիներ կպահանջվեն:
Անշարժ գույքի գործակալ Դեվիդ Դվեքի համաձայն, Մայամիից մեքենայով 45 րոպե հեռավորության գտնվող Պոմպանո Բիչ քաղաքում բանկերի կողմից անշարժ գույքի առգրավումների ամենամեծ թիվն էր գրանցվել: Սակայն, ըստ նրա, ամենադժվար ժամանակներն անցել են:
«Ներդրողներն աշխուժացնում են շուկան, կանխիկով գնորդներն անմիջապես վճարում են ամբողջ գումարը, վերանորոգում տունը, ապա անմիջապես հանում վաճառքի կամ վարձով տալիս այն», - ասում է Դվեքը:
Ըստ Դվեքի, բանկերի կողմից առգրավված տները նույնպես գրավիչ են օտարերկրացիների համար, սակայն ոչ այնքան, որքան կենտրոնի շքեղ շինությունները: