Հոլանդիայի Անվտանգության Կոմիտեն Բոինգ 777-ի բեկորներից վերակառուցված օդանավի հենքի ներքո հայտարարեց, որ Մալայզիական Ավիաուղիների 17-րդ չվերթը կործանվել է ռուսական արտադրության հրթիռի հարվածից: Հիշեցնենք, որ կործանման արդյունքում զոհվել էին օդանավում գտնվող բոլոր 298 անձինք։
Հոլանդիայի Անվտանգության Կոմիտեի ղեկավար Թըջիբի Ջոսթրան ասում է,- «MH17» չվերթը կործանվել է օդաչուների խցիկի ձախ կողմի մոտ հրթիռի պայթյունի հետևանքով»:
Հայտարարությունից առաջ, զոհվածների բարեկամներին հնարավորություն է ընձեռվել՝ տեսնելու բեկորներից վերակառուցված օդանավը, որտեղ զոհվել են իրենց մտերիմները:
Անիմացիոն տեսահոլովակը ցույց է տալիս, թե ըստ հետաքննիչների կարծիքի, օդանավը ինչպես է կործանվել: Նրանց խոսքերով, հրթիռը պայթել է օդաչուների խցիկի դիմաց, որի բեկորները միանգամից սպանել են օդաչուներին, որից հետո օդանավը կործանվել է:
Այն տարածքը, որտեղով թռչել է օդանավը, այդ պահին պատերազմական գոտի էր հանդիսանում։ Եվ այստեղից հարց է ծագում թե ինչու են «MH17» չվերթը և առևտրային այլ օդանավեր արևելյան Ուկրաինայի այդ տարածքով թռչելու թույլտվություն ստացել:
Հոլանդիայի Անվտանգության Կոմիտեի ղեկավար Թջիբի Ջոսթրան ասում է,- «Չնայած այն հանգամանքին, որ բոլորն էլ տեղյակ են եղել Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին, Ուկրաինայի կամ միջազգային կազմակերպությունների կողմից քաղաքացիական ավիացիային սպառնացող վտանգը թերագնահատվել է»:
Մալայզիայի կառավարությունը հայտարարում է, որ օդանավի կործանման բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն։ Սակայն քանի դեռ հստակ չէ, թե ում կողմից է արձակվել հրթիռը, որևէ մեկը չի պատժվի: Սա այս գործընթացում պարզապես առաջին քայլն էր։