Մեքսիկայի իշխանությունները ձերբակալել են թմրանյութերի անօրինական վաճառքով զբաղվող հանցախմբերի վարձու մարդասպանների պաշտպանությունն ապահովող քաղաքային ոստիկանության 16 աշխատող:
Հանցախմբերի վարձու մարդասպաններն իրականացրել են 126 մարդու սպանություններ, որոնց դիակները մի քանի օր առաջ հայտնաբերվել էին Տամաուլիպաս նահանգում գտնվող մի ագարակում:
Այս հանցագործության համար Մեքսիկայի իշխանությունները մեղադրել են «Զետաս» հանցախմբին` հավելելով, որ հանցագործությունը կատարելու մեղադրանքով մինչ օրս ձերբակալվել է հանցախմբի 17 անդամ:
Տամաուլիպաս նահանգի միջոցով է, որ ԱՄՆ ներգաղթել ցանկացող անձինք փորձում են անցնել երկու պետությունների միջև սահմանը: Այս նահանգում անցյալ տարի հայտնաբերվել էր Կենտրոնական Ամերիկայից դեպի Միացյալ Նահանգներ ուղևորվող 72 մարդու դիակները:
Թմրանյութերի անօրինական վաճառքով զբաղվող հանցախմբերի դեմ Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնի կողմից 2006 թվականին հայտարարված պայքարի ժամանակից արդեն զոհվել է ավելի քան 35 հազար մարդ: