Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵՄ-ի հատուկ ներկայացուցչին

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆոր (արխիվային լուսանկար)

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին:

«ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է Բաքու կատարած այցի արդյունքները: Նախարար Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա», - ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում, ըստ հայտարարության, Ֆիլիպ Լեֆորը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: