Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամայել է անցկացնել երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ մեղադրանքների հետաքննությունը:
Այս հայտարարությամբ նախագահ Մեդվեդևը հանդես է եկել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում և երկրի այլ քաղաքներում անցկացված բողոքի բազմահազար ցույցերից մեկ օր անց: Ցույցերի մասնակիցները պահանջել են անօրինական ճանաչել դեկտեմբերի 4-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնց ընթացքում հաղթանակած է ճանաչել վարչապետ Վլադիմիր Պուտինի գլխավորած «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը:
Սոցիալական «Facebook» կայքում նախագահ Մեդվեդևի կողմից հրապարակված հաղորդագրությունում նշվել է, որ «չնայած ինքը համաձայն չէ հանրահավաքների ընթացքում հնչած կարգախոսների հետ, սակայն կարգադրել է ստուգել ընտրատարածքներից ստացված բոլոր տեղեկությունների համապատասխանությունն ընտրական օրենսդրության պահանջներին»:
Ռուսաստանի նախագահի կողմից «Facebook»-ում հաղորդագրություն հրապարակելուց հետո րոպեներ անց այն ստացել է ավելի քան մեկ հազար մեկնաբանություն, որոնք հիմնականում դժգոհություն են արտահայտել, շատերը պարունակել են անհարգալից արտահայտություններ:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը տասնյակ հազարավոր մարդիկ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում մասնակցել են երթերի ու հանրահավաքների՝ բողոքելով խորհրդարանական ընտրություններում տեղ գտած խախտումների դեմ։
Ցույցերը վերահսկվել են ուղղաթիռների և անվտանգության ծառայությունների զրահապատ մեքենաների միջոցով և ոստիկանական հատուկ ուժերի մասնակցությամբ։