«Մտահոգիչ է, թե ինչ քայլեր կձեռնարկի Պուտինն Ուկրաինայում Օլիմպիադայից հետո». ՄըքՔեյն

Գնահատելով Վրաստանի հետ կապված իրավիճակը՝ սենատոր ՄըքՔեյնը նշել է, որ Թբիլիսիի ու Մոսկվայի հարաբերությունները լարված են մնում, քանի որ «Ռուսաստանը շարունակում է ոտնձգություններ կատարել Վրաստանի տարածքի վրա»
Միացյալ Նահանգների սենատոր Ջոն ՄըքՔեյնը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել Սոչիի օլիմպիական խաղերից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայում ձեռնարկվելիք քայլերի կապակցությամբ:

«Ես շատ եմ մտահոգված նրանով, թե ինչ է անելու Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում Սոչիի օլիմպիադայից հետո: Իրավիճակը լուրջ է: Առավելագույնը, ինչ կարող ենք անել, դա Եվրամիության հետ համատեղ գործելն է ու Ուկրաինայի հետ ֆինանսական պայմանագրի կնքելը»:

Գնահատելով Վրաստանի հետ կապված իրավիճակը՝ սենատոր ՄըքՔեյնը նշել է, որ Թբիլիսիի ու Մոսկվայի հարաբերությունները լարված են մնում, քանի որ «Ռուսաստանը շարունակում է ոտնձգություններ կատարել Վրաստանի տարածքի վրա»:

Սենատորը հիշեցրել է, որ Վրաստանը շարունակում է ՆԱՏՕ-ի անդամակցության ձեռքբերմանն ուղղված աշխատանքները, և հույս է հայտնել, որ դա վերջ ի վերջո իրականություն կդառնա:

Հարցազրույցում ՄըքՔեյնը նշել է նաև, որ Վրաստանում իրավիճակը զգալիորեն բարելավվել է՝ «նախագահ Սահակաշվիլիի շնորհիվ»:

Սենատորը շեշտել է, որ Վրաստանի ժողովրդավարացման գործընթացը բավականին հաջող է ընթանում: Նա հույս է հայտնել նաև, որ եթե Վրաստանի իշխանությունները որոշում կայացնեն որևէ մեկին դատական պատասխանատվության ենթարկելու մասին, ապա նրանք այդ որոշման համար պետք է լուրջ հիմքեր ունենան, որպեսզի «ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ էլ աշխարհում որևէ մեկը նման քայլերը վրեժխնդրություն չհամարի»: