Մասաչուսեթսի օրենսդիրները սատարում են Արցախի անկախությունը

Massachusetts Statehouse

«Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչների պալատն ընդունել է նահանգի ներկայացուցիչ Ջոնաթան Հեխթի կողմից ներկայացված բանաձևը, որը հորդորում է Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը»:

«Արմենիան Ուիքլի» պարբերականի վկայությամբ, բանաձևում դատապարտվում են Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում հայերի սպանությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման կողմնակիցների խաղաղ ցույցերի նկատմամբ գործադրված բռնությունները:

«Ադրբեջանի թշնամական գործողությունների պատճառով Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը շարունակում է մնալ վտանգի տակ», - ասված է փաստաթղթում:

Բանաձևը պարունակում է նաև շնորհավորական ուղերձ Արցախի ժողովրդին՝ ժողովրդավարությունը զարգացնելու ուղղությամբ շարունակվող ջանքերի, ինչպես նաև գովասանքի խոսքեր՝ 2012 թվականի հուլիսի 19-ին անցկացված նախագահական ընտրությունների կապակցությամբ, որոնք որպես «ժողովրդավարության ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ» են գնահատվել Մասաչուսեթսի օրենսդիրների կողմից: