«Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և Միացյալ Նահանգները կիսում են միևնույն արժեքները». Մերիլենդի նահանգապետ

Մերիլենդ նահանգի նահանգապետ Մարտին Օ'Մալի (արխիվային լուսանկար)

ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի նահանգապետ Մարտին Օ'Մալին հրապարակել է հռչակագիր, որտեղ սեպտեմբերի 21-ը նահանգում ճանաչվել է որպես Հայաստանի անկախության օր
ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի նահանգապետ Մարտին Օ'Մալին հրապարակել է հռչակագիր, որտեղ սեպտեմբերի 21-ը նահանգում ճանաչվել է որպես Հայաստանի անկախության օր:

Այս մասին ասված է Ամերիկայի հայկական համագումարի կողմից տարածված հայտարարության մեջ, որի համաձայն հռչակագրում մասնավորապես նշված է. «Հայաստանի ժողովուրդը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի նորաստեղծ ժողովրդավարության հայերին, բազում տարիների ամուր կապեր ունի Միացյալ Նահանգների հետ»:

Մերիլենդի նահանգապետի հռչակագրում նշված է նաև, որ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և Միացյալ Նահանգները կիսում են միևնույն արժեքներն ու հավատարիմ են ազատության, ժողովրդավարության, ինքնորոշման և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին։

Ըստ ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության, Մերիլենդի նահանգապետի հռչակագրում նշված է, որ նահանգի ժողովուրդը հավատարիմ է և սատարում է այս արժեքներին և աջակցության ձեռք է մեկնում «բոլոր նրանց, ովքեր որոշել են զարգանալ իբրև ազատ և ժողովրդավարական երկիր»: