Արդյո՞ք արդարացավ այս ընտրություններն անկախությունից ի վեր Հայաստանի ամենալավ ընտրությունները լինելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի խոստումը։
Այս հարցին ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը Freedom House կազմակերպության Անցումային երկրների բաժնի վերլուծաբան Քեթրին Մաչալեկը պատասխանում է ԵԱՀԿ-ի զեկույցից ընտրությունների մասին դրական ու բացասական օրինակներ բերելով, ու նշելով, որ դրական առումով, այս ընտրությունները տարբերվում էին նախորդներից։ ՝՝Իսկ թե արդյոք բացասական երեւույթներն ունեցել են ազդեցություն ընտրությունների արդյունքի վրա, ցույց կտա վերջնական զեկույցը՛՛, - ասում է նա։
՝՝Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում իրականացվում է դանդաղ, սակայն կարեւոր բարելավում։ Պետք է նշել, որ այս ընտրություններն ավելի լավն էին, քան 1Օ-ից 13 տարվա ընթացքում անցկացված մյուս ընտրությունները՛՛, - ասում է նա։
Իսկ ի՞նչպես պատահեց, որ 2ՕՕ8 թվականի ընտրություններից հետո, երբ տեղի ունեցան բռնություններ ու սպանություններ, ԵԱՀԿ-ի զեկույցն ավելի մեղմ էր, քան այս տարվա զեկույցը։
Այս փաստը վերլուծաբանը մեկնաբանում է հետեւյալ կերպ.
՝՝2ՕՕ8-ի զեկույցը կազմվել էր ընտրությունների նախապատրաստման ընթացքի ու անցկացման ընթացքի, այլ ոչ թե ընտրություններից հետո սկսված բռնությունների մասին՛՛։
Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, դրանք նորություն չեն Հայաստանի համար, ասում է վերլուծաբանը։
՝՝Քվեների գնումը լայն տարածում ուներ Հայաստանում, եւ ամենաբացասական փաստն այն է այս հարցում, որ այն դուրս էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիակատար վերահսկողությունից։ Ընտրակաշառքի որոշ տեսակներ հանձնաժողովի կողմից նույնիսկ չհամարվեցին որպես այդպիսիք՛՛։
Այստեղ նա բերում է տարբեր համայնքների 5ՕՕ տրակտոր բաժանելու մասին Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարի խոստումների մասին օրինակը՝ այն համարելով ընտրակաշառքի յուրօրինակ մի տեսակ։
Անձնագրերից 15 րոպեի ընթացքում կնիքների թանաքի անհետացման փաստի կապակցությամբ ԿԸՀ-ի բացատրությունները, որ մինչեւ անձնագրերը կնքելը թանաքը պետք է լավ խառնվեր, նա համարում է հանձնաժողովի կողմից առնվազն թերացում, ՝՝քանի որ այս թերացումից հետո որեւէ պատճառաբանություն չունի արդարացում՛՛,- ասում է նա։
Freedom House կազմակերպությունը կարեւոր է համարում քաղաքացիական հասարակության ավելի մեծ մասնակցությունը, ընտրությունների ընթացքի մասին իրենց կարծիքն ինտերնետի հատուկ էջերում ներկայացնելու մարդկանց տրված հնարավորությունը։
Freedom House-ի վերլուծաբան Քեթրին Մաչալեկի խոսքերով, Հայաստանում իշխանությունը լիակատար ինքնակալական վարչակարգ չէ, այլ կանգնած է միջին մի դիրքում, որին հարկավոր է խրախուսել ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու հարցում։
Նրա խոսքերով, դրական ընթացքի համար չափազանց կարեւոր են ոչ միայն ընտրական օրենսգրքի պահանջները լիովին կատարելու եւ օրենսգիրքը բարեփոխելու հանգամանքը, այլ նաեւ՝ միջազգային կազմակերպությունների մշտական ազդեցությունն ու ներկայությունը, հատկապես, երբ հեռու չեն նախագահական ընտրությունները Հայաստանում։