Փարիզում հինգշաբթի օրն անցկացված խորհրդաժողովին մասնակցող 63 պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները խոստացել են շարունակել օժանդակություն ցուցաբերել Լիբիայի հեղափոխականներին:
Խորհրդաժողովի մասնակիցները խոստացել են շարունակել դաշնակիցների կողմից իրականացվող ռազմական գործողությունները, ապասառեցնել Լիբիային պատկանող միլիարդավոր դոլար ծավալով սառեցված ֆինանսական միջոցները և մեկնարկել մարդասիրական օգնության և պետականության ամրապնդմանն ուղղված ջանքերին օժանդակության տրամադրումը:
Խորհրդաժողովի կազմակերպիչներից մեկը՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, մամուլի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, թե «անցյալի Լիբիային պատկանող գումարներն ապասառեցվում են՝ վաղվա Լիբիան կառուցելու նպատակով»: Սարկոզիի համաձայն, Լիբիա են ուղարկվելու բժիշկներ, շարժական տնակներ՝ որպես դպրոցներ օգտագործելու համար, ինչպես նաև փորձագետներ, որոնք կօգնեն այս երկրում վերականգնել ջրամատակարարման համակարգը: Սարկոզին և խորհրդաժողովի մեկ այլ կազմակերպիչ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ասել են, որ ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները շարունակվելու են, քանի դեռ Քադաֆին և իր կողմնակիցները վտանգ են ներկայացնում:
«ՆԱՏՕ-ն և իր դաշնակիցները շարունակելու են Միավորված ազգերի կազմակերպության թիվ 1970 և 1973 բանաձևերի իրականացմանն ուղղված գործողություններն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ քաղաքացիական անձանց կյանքը պաշտպանելու համար», - ասել է Դեյվիդ Քեմերոնը:
Մեծ Բրիտանիայի վարչապետը հորդորել է Լիբիայի անցումային կառավարության ղեկավարներին անցկացնել Քադաֆիի դեմ պայքարի ընթացքում կատարված վայրագությունների հետաքննություն և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Լիբիայի Անցումային ազգային խորհրդի նախագահ Մութաֆա Աբդուլա Ջալիլն իր հերթին խոստացել է կատարել դա և երկրում կառուցել համապարփակ ժողովրդավարություն:
Խորհրդաժողովն այցելել է նաև ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը, սակայն մամուլի հետ հանդիպմանը չի մասնակցել:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մեկնարկելու է Լիբիային օգնության տրամադրման հավակնոտ և լայնածավալ ծրագիր: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է այն երկրների մասնակցությունը, որոնք, իր համաձայն, անցյալում չէին ցանկանում օժանդակություն տրամադրել Լիբիայի հեղափոխականներին:
Փարիզում կայացած խորհրդաժողովին մասնակցած պետությունների ղեկավարները կոչ են արել խորհրդաժողովին չմասնակցած պետություններին, մասնավորապես Հարավային Աֆրիկային, փոխել Լիբիայի վերաբերյալ իրենց դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Ռուսաստանը Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը ճանաչել է որպես Լիբիայում լեգիտիմ միակ ուժ: