ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում բացվել է հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես

«Հակոբ Մեղապարտը Իտալիայի Վենետիկ քաղաքում 1512 թվականին հայկական տպարան է հիմնել և հրատարակել հայկական առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրք» մատյանը: Սկսվել է հայ գրատպության դարաշրջանը»:

Այս բառերով սկսվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունը, որի համաձայն հայ գրատպության հինգհարյուրամյակը և Հայաստանի մայրաքաղաք Երևանն այս տարի ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելը նշելու նպատակով գրադարանում բացվել է «Ճանաչել զիմաստություն և զխրատ՝ հայկական գրականության ավանդույթը Կոնգրեսի գրադարանում» ցուցահանդեսը, որն անցկացվում է գրադարանի Թոմաս Ջեֆերսոնի անվան շենքի հարավային սրահում:

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվելու են Կոնգրեսի գրադարանի պահոցում առկա հայ գրականության նմուշները՝ սկսած մատենագրերից մինչև գրատպության վաղ շրջանի ու ժամանակակից գրատպության նմուշները:

Վարդանանց օրը՝ ապրիլի 19-ին կայացած ցուցահանդեսի բացման արարողության ընթացքում Վարդանանց օրվա դասախոսություններով հանդես է եկել Էնն Արբորի Միչիգանի համալսարանի Մարի Մանուկյանի անվան հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Գևորգ Բարդաքջյանը: Բարդաքջյանի «Գրագրեր, գրաշարեր և մտքի կայացումը՝ հայոց գրերն ու հայոց գրական ինքնության կայացումը» դասախոսությունն անցկացվել է Կոնգրեսի գրադարանի աֆրիկյան և միջինարևելյան վարչության Մերձավոր Արևելքի բաժնի հովանավորությամբ:

Բադրաքչյանի հետ միասին խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի աֆրիկյան և միջինարևելյան վարչության Մերձավոր Արևելքի բաժնի Հայաստանի և Վրաստանի գծով մասնագետ և ցուցահանդեսի կուրատոր Լևոն Ավդոյանը, որը ներկայացրել է «Թվային դարաշրջանում հայոց ինքնության շարունակականությունն ու փոփոխությունը» քննարկումը:

«Ճանաչել զիմաստություն և զխրատ՝ հայկական գրականության ավանդույթը Կոնգրեսի գրադարանում» ցուցահանդեսի առիթով ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը հրապարակել է նաև Ավդոյանի կողմից կազմված «Ճանաչել զիմաստություն և զխրատ՝ Կոնգրեսի գրադարանում հայկական գրականության ավանդույթի դիտողական հետազոտություն» կատալոգը:

Ցուցահանդեսը գործելու է մինչև այս տարվա սեպտեմբերի 26-ը: