Լիբիան շուտով կհայտարարվի ազատագրված

Լիբիան շուտով կհայտարարվի ազատագրված

Լիբիայի անցումային կառավարության ղեկավարությունը պատրաստվում է պաշտոնապես հայտարարել երկրի ազատագրման մասին։ Նման հայտարարությամբ հանդես գալու համար ժամանակավոր կառավարությունը սպասում էր նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի ձերբակալությանը կամ սպանությանը։ Հիշեցնենք, որ վերջինս սպանվեց հինգշաբթի օրը, երբ անցումային կառավարության ուժերը գրավեցին նրա վերջին հենակետ Սըրթ քաղաքը։


Երկրի ազատագրման պաշտոնական հայտարարությունը հրապարակվելու է Բենգազի քաղաքից, որը դարձել էր հակակառավարական շարժման գլխավոր կենտրոն։

Ինչ վերաբերում է Քադաֆիի թաղմանը, անցումային կառավարությունն այս մասին դեռեւս որոշում չի կայացրել։

Ցուցադրության համար նրա մարմինն ուրբաթ օրը տեղադրվել էր Միսրաթա քաղաքի մսի խանութներից մեկի սառնարանում եւ բազում այցելուներ լուսանկարում էին մեռած նախկին բռնակալի անշնչացած մարմինը։ Նկարներից տեսանելի են ճակատի ձախ եւ կրծքի կենտրոնական մասում փամփուշտի անցքերը։
Հաագայի միջազգային դատարանը ցանկանում է հետաքննել Քադաֆիի մահվան հանգամանքները։ Իսկ ՄԱԿ-ը եւ մարդու իրավունքների պաշտպանության մի շարք խմբեր ներկայացնում են հարցեր սպանության առնչությամբ՝ սպանության պահի տեսագրություններն անվանելով ՝՝մտահոգիչ՛՛։

Անցումային կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Քադաֆիին հայտնաբերել են ծպտված կոյուղու մի խողովակում, որը սպանվել էր փոխհրաձգության ժամանակ։ Այլոք պնդում են, որ նա մահացել է ծեծի արդյունքում։