ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտգործնախարարները կհանդիպեն Բեռլինում

Հանդիպումը կդառնա երկու պետությունների քաղաքական արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումը՝ Ջոն Քերիի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո
Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերին և Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովը կհանդիպեն Բեռլինում գալիք երեքշաբթի, փետրվարի 26-ին՝ երկկողմանի հարաբերությունների և միջազգային քաղաքականության հրատապ խնդիրները քննարկելու համար:

Այս մասին հինգշաբթի օրը հայտարարություն են տարածել երկու պետությունների քաղաքական արտաքին գերատեսչությունները:

«Արտգործնախարար Քերին և արտգործնախարար Լավրովը կքննարկեն երկկողմանի և միջազգային հարցերի լայն շրջանակ», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը:

Ռուսաստանի արտգործնախարարության կողմից տարածված նման հայտարարության մեջ բացի այդ ասված է, որ «երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմանի հարաբերությունների օրակարգի և միջազգային հրատապ խնդիրները»:

ԱՄՆ-ի արտգործնախարար Քերին գալիք շաբաթ կմեկնարկի Եվրոպայի և Մերձավոր Արևելքի պետություններ կատարվող իր առաջին շրջագայությունը: Գերմանիա Քերին ժամանելու է Մեծ Բրիտանիա այց կատարելուց հետո: