Լատվիան կանդամակցի եվրոյի գոտուն 2014-ին

Լատվիան կդառնա Եվրոպայի արժութային դաշինքի 18-րդ անդամ-պետությունը
Լատվիան պատրաստվում է դառնալ Եվրոպայի արժութային դաշինքի 18-րդ անդամ-պետությունը:

Եվրոպական Միության քաղաքականությունը սահմանող Եվրոպական Հանձնաժողովն ու Եվրոպական կենտրոնական բանկը հայտնել են, թե մերձբալթյան այս երկիրը բավարարել է արժութային դաշինքի անդամակցությանը ներկայացվող պահանջները և գալիք տարվա հունվարի 1-ին եվրոյի գոտու անդամ կդառնա:

Եվրոպական միության տնտեսական գծով հանձնակատար Օլի Ռենի համաձայն, եվրոյի գոտուն Լատվիայի միանալու քայլը վկայություն է այն մասին, որ արժութային գոտու քայքայումը կանխատեսող քննադատները սխալ են եղել:

Լատվիան համարվում է Եվրոպայի տնտեսական հաջողություններից մեկը, քանի որ երկիրը վերականգնվում է 2008 թվականի բանկային ճգնաժամից՝ ֆինանսական խիստ խնայողության միջոցների և պետական ծախսերի կրճատման միջոցով:

Երկրի տարեկան տնտեսական արտադրությունը կազմում է մոտ 26 միլիարդ դոլար: Սպասվում է, որ Լատվիան այս տարի կդառնա Եվրոպական Միության ամենաարագ զարգացող տնտեսությունը:

Եվրոյի գոտուն միանալու քայլը սակայն ժողովրդականություն չի վայելում 2,2 միլիոն մարդ բնակչություն ունեցող երկրում: Այս մասին վկայում են հասարակական կարծիքների հարցումները, որոնց մասին երկրի բնակիչները չեն ցանկանում հրաժարվել ազգային արժույթից՝ լատից, հօգուտ եվրոյի:

Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը սակայն ասել է, թե, իր կարծիքով, եվրոյի գոտի անդամակցելը կավելացնի ներդրումները երկրում և կնպաստի երկրի վարկային վարկանիշի բարելավման: