ԱՄՆ-ը տնտեսական նոր պատժամիջոցներ է սկսում ընդդեմ Հյուսիսային Կորեայի

Նոր պատժամիջոցների մասին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում չորեքշաբթի օրը հայտարարեց ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը՝ այս երկրի իշխանությունների հետ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյցի մասնակցությամբ անցկացված հանդիպումներից հետո։

Քլինթընի խոսքերով, նոր պատժամիջոցների նպատակը ՝՝Հյուսիսային Կորեայի վարչակարգի կողմից իրականացվող անօրինական գործունեությունը կանգնեցնելն է՛՛։ Նա նկատի ունի զենքերի եւ զվարճանքի ճոխ առարկաների առեւտուրը, որոնցից ստացված եկամուտները Հյուսիսն օգտագործում է միջուկային իր ծրագրին զարկ տալու համար։

Քլինթընը պնդում է, որ պատժամիջոցներն ուղղված չեն Հյուսիսային Կորեայի ժողովրդի դեմ։

ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի բանակցող կողմերը նաեւ հանդես եկան Փխենյանին ուղղված համատեղ մի հայտարությամբ՝ Սեուլի դեմ ագրեսիվ նոր քայլերի դիմելու դեպքում, լուրջ հետեւանքների առջեւ կանգնելու նախազգուշացումով։

Դաշնակից երկու երկրները նաեւ հորդորեցին Հյուսիսին ընդունել մարտի 26-ին հարավկորեացի 46 ծովայինների մահվան պատճառ դարձած ՝՝Չեոնան՛՛ ռազմանավի խորտակման պատասխանատվությունը։ Միջազգային հետաքննության արդյունքում պարզվել էր, որ հարավկորեական ռազմանավը խորտակվել էր հյուսիսկորեական մի սուզանավի կողմից արձակված տորպեդոյի հարվածից։

Հյուսիսը շարունակում է հերքել մեղադրանքները։

Եկող կիրակի օրը ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան սկսում են չորսօրյա զորավարժություններ՝ Հյուսիսին հղելով ագրեսիվ վարքագծից հրաժարվելու հորդորով ուղերձ։