69 տարեկան հասակում վախճանվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Ջոնգ Իլը

Հյուսիսային Կորեայի ղեկավար Քիմ Չեն Իր (աջից երրորդ) և իր որդի Քիմ Չեն Ուլ (ձախից)՝ Փխենյանում ռազմական շքերթ դիմելիս (արխիվային լուսանկար)

Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը հաղորդել է երկրի առաջնորդ Քիմ Ջոնգ Իլի 69 տարեկան հասակում վախճանվելու մասին:

Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Քիմ Ջոնգ Իլը վախճանվել է «ֆիզիկական և մտավոր աշխատանքով գերծանրաբեռնված լինելու պատճառով»:

Որոշ հաղորդագրությունների համաձայն, Քիմ Ջոնգ Իլի մահվան պատճառն է դարձել սրտի կաթվածը:

Քիմ Ջոնգ Իլը զբաղեցրել է Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնը 1994 թվականից՝ իր հայր Քիմ Իր Սենի մահվանից հետո:

Հյուսիսային Կորեայի վախճանված առաջնորդի կյանքի մասին արժանահավատ տեղեկությունները սակավ են, քանի որ վերջինս քիչ է հանդես եկել հանրության առջև, և իր ելույթները շատ քիչ են հեռարձակվել:

Քիմ Ջոնգ Իլին հիմնականում հիշում են Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին մեծ թափ հաղորդելու կապակցությամբ, ինչը վերջինս իրականացրել է այն ժամանակ, երբ Հյուսիսային Կորեայում սովից տառապում են միլիոնավոր մարդիկ:

Անցյալ տարի Քիմ Ջոնգ Իլը չորսաստղանի գեներալի կոչում է շնորհել իր կրտսեր որդի Քիմ Ջոնգ Ուլին՝ ամենայն հավանականությամբ փորձելով շարունակել աշխարհի կոմունիստական ընտանեկան միակ դինաստիայի երրորդ սերունդը:

Վերլուծաբանների համաձայն, դեռևս հայտնի չէ, արդյոք Քիմ Ջոնգ Իլի մահվանից հետո Հյուսիսային Կորեայում բարձրաստիճան գեներալների թվում կսկսվի իշխանության համար պայքարը, թե այս երկրում ևս մեկ անգամ կկատարվի իշխանության «սահուն» փոխանցում: