Միխայիլ Խոդորկովսկիի դատապաշտպանը բողոքարկել է իր պաշտպանյալին ներկայացված դատավճիռը, որը դատարանը կայացրել էր՝ հիմք ընդունելով խարդախությունների և գույքի յուրացման մեղադրանքները:
Դատապաշտպան Կարինա Մոսկալենկոն նախնական բողոքարկումը ներկայացրել է ուրբաթ օրը՝ բողոքարկումների ներկայացման տասնօրյա ժամկետը չխախտելու նպատակով։ Ռուսաստանի դատարանների ձմեռային արձակուրդը սկսվում է շաբաթ օրը, իսկ աշխատանքը վերսկսվելու է գալիք տարվա հունվարի 10–ից ոչ շուտ։
Խոդորկովսկիի և նրա գործընկեր Պլատոն Լեբեդևի 20 ամիս տևած դատավարությունն ավարտվեց հինգշաբթի օրը՝ կայացնելով Խոդորկովսկիին և Լեբեդևին 14 տարվա ազատազրկման դատապարտող վճիռ։ Այսպիսով, նրանք բանտում անցկացնելու են ևս վեց տարի` ազատության դուրս գալով 2017 թվականին։
«Human Rights Watch» և իրավապաշտպան մի քանի այլ կազմակերպություններ նամակ են հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին։ Նամակում նշվել են դատավարության ընթացքում թույլ տրված խախտումները և Ռուսաստանի կառավարության կողմից վկաների ահաբեկման դեպքերը։
Խոդորկովսկիի և Լեբեդևի բանտարկության ժամկետներն ավելացնող դատավճիռը արժանացել է նաև Արևմուտքի կառավարությունների քննադատությանը։