Կասպարովը դիմել է Լատվիային՝ քաղաքացիություն ստանալու խնդրանքով

Լատվիայի քաղաքական գործիչներին ուղղված նամակում Կասպարովը նշել է, որ Լատվիայի քաղաքացիությունը «հնարավորություն կընձեռի աշխատել Ռուսաստանում և աշխարհի այն երկրներում, որտեղ խախտվում են քաղաքացիական իրավունքներն ու ոտնահարվում են ժողովրդավարական նորմերը»
Ռուսաստանի կառավարության քննադատ, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը դիմել է Լատվիայի քաղաքական գործիչներին այս երկրի քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով՝ նշելով, որ Լատվիայի քաղաքացիություն ունենալը կնպաստի Ռուսաստանում քաղաքական իր գործունեության իրականացման հարցում:

Լատվիայի քաղաքական գործիչներին ուղղված նամակում Կասպարովը նշել է, որ Լատվիայի քաղաքացիությունը «հնարավորություն կընձեռի աշխատել Ռուսաստանում և աշխարհի այն երկրներում, որտեղ խախտվում են քաղաքացիական իրավունքներն ու ոտնահարվում են ժողովրդավարական նորմերը»:

«Լատվիայի ցանկացած քաղաքացի ունի իր կարծիքն ազատ արտահայտելու, քաղաքական գործընթացում մասնակցելու և անօրինական հետապնդումներից չվախենալու իրավունք», - գրել է Կասպարովն իր նամակում, որտեղ նշել է նաև, որ ցանկանում է պահպանել Ռուսաստանի քաղաքացիությունը:

Կասպարովը լատվիերեն գրված իր նամակը հասցեագրել է երկրի խորհրդարանի քաղաքական բոլոր կուսակցություններին և անկախ խորհրդարանականներին, բացառությամբ «Ներդաշնակ կենտրոն» կուսակցությունից: Այս մասին հայտնել է կուսակցությունը Լատվիայի խորհրդարանում ներկայացնող Անդրեյս Կլեմենտևսը:

«Ներդաշնակ կենտրոն» կուսակցությունը 2009 թվականին համագործակցության համաձայնագիր է ստորագրել Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի հիմնադրած «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ: