Ճապոնիայի Ֆուկուշիմայի ատոմակայանի ռեակտորներից մեկում նորից բարձրացել է ճնշումը:
Անվտանգության հարցերով պաշտոնատար անձինք ասում են, թե երրորդ ռեակտորի մեջ ջուր մղելու հանգամանքն օգուտ չի տվել: Այդ պատճառով, ճնշումը թուլացնելու համար շուտով ռադիոակտիվ գազ բաց կթողնվի ռեակտորից: Դրա արդյունքում կայանի մոտակայքում ճառագայթման մակարդակը կբարձրանա, ինչպես նաեւ կդանդաղեն ռեակտորի էլեկտրասնուցումը եւ սառեցման համակարգերի աշխատանքը վերականգնելու ջանժքերը:
Երկրի կառավարությունը տեղեկացնում է, որ ճառագայթման բարձր մակարդակ է հայտնաբերվել ատոմակայանի մոտ գտնվող կենդանիների կաթի եւ սպանախի մեջ:
Ռադիոակտիվ բաղադրություններ են նկատվել նաեւ մայրաքաղաք Տոկիոյի ծորակներից հոսող ջրում, բայց մասնագետները վստահեցնում են, որ նկատված մակարդակը մարդու առողջության համար դեռեւս վտանգ չի ներկայացնում:
Ճառագայթահարումից խուսափելու նպատակով Ֆուկուշիմայի կայանի շուրջ 20 կմ շառավղով տարածքից արդեն տարհանվել է ավելի քան 200 հազար մարդ: