Յանկուկովիչն ու Էշթոնը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում

Հանձնակատար Էշթոնը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպման ընթացքում նոր կառավարության կազմի հարցը չի քննարկվել
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը Կիևում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկել է Ուկրաինայում քաղաքական իրավիճակի կայունացման ուղիները, երկրում տնտեսական բարեփոխումների իրականացման ընթացքն ու ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելուն ուղղված միջոցառումները:

Այս մասին ասված է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ:

«Մասնավորապես, քննարկվել են քաղաքացիների անվտանգության ապահովության անհրաժեշտությունը, վերջերս մեծ արձագանք ունեցած իրադարձությունների անաչառ, անկողմնակալ և թափանցիկ հետաքննության իրականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների անցկացման հեռանկարները», - ասված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի լրատվամիջոցների համաձայն, նախագահ Յանուկովիչի հետ հանդիպումից հետո հանձնակատար Էշթոնը հանդիպել է ընդդիմության առաջնորդներին:

Լրագրողների հետ փետրվարի 5-ին ունեցած հանդիպման ընթացքում Քեթրին Էշթոնն ասել է, որ Եվրոպական Միությունը պատրաստ է մասնակցելու Ուկրաինայում իրավապահ մարմինների և ծայրահեղականների միջև տեղի ունեցած բախումների հետաքննությանը:

«Մենք տեսնում ենք, որ բռնությունների թիվը նվազում է, սակայն անհանգստացած ենք այն հանգամանքով, որ բռնություններ իրականացնողները չեն կանգնել արդարադատության առջև: Մենք շատ կցանկանայինք տեսնել թափանցիկ և անկախ գործընթաց, և մենք այս գործընթացին սատարելու մեծ ցանկություն ունենք», - ասել է Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատարը:

Էշթոնը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպման ընթացքում նոր կառավարության կազմի հարցը չի քննարկվել:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը հինգշաբթի օրը կժամանի Ուկրաինայի մայրաքաղաք Կիև:
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքիի համաձայն, փետրվարի 6-ին կայանալիք այցի ընթացքում Վիկտորիա Նուլանդը հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, երկրի ներքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարայի, ընդդիմության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության և գործարար ոլորտի առաջնորդների հետ: