Ստամբուլում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել

Թուրքիայի վարչապետը «մութ դաշինքների գործ» է անվանել կաշառակերության հետաքննությունը և խոստացել է «ջրի երես հանել» դրանում ներգրավվածներին
Թուրքիայի ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Ստամբուլում կիրակի օրը հավաքված հազարավոր ցուցարարների նկատմամբ, ովքեր հավաքվել էին՝ արտահայտելու համար իրենց բողոքը երկրի կառավարության կողմից մշակված կառուցապատման ծրագրերի, ինչպես նաև կաշառակերության հետ կապված սկանդալի վերաբերյալ, որի պատճառով արդեն ձերբակալվել է մեկ տասնյակից ավելի մարդ, այդ թվում՝ երկրի կառավարության անդամներից մի քանիսի որդիները:

Ցուցարարները հավաքվել էին քաղաքի Քադիքոյ հրապարակում՝ հրաժարական ներկայացնելու կոչ անելով երկրի վարչապետ Ռեջիփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներից կազմված կառավարությանը:

Թուրքիայի վարչապետը «մութ դաշինքների գործ» է անվանել կաշառակերության հետաքննությունը և խոստացել է «ջրի երես հանել» դրանում ներգրավվածներին:

Կաշառակերության հետաքննությանը Էրդողանն արձագանքել է՝ զտումներ իրականացնելով ոստիկանության ծառայողների շրջանում և աշխատանքից հեռացնելով այն ծառայողներից, որոնք համագործակցել են հետաքննության հետ՝ առանց թույլտվության: