Իսրայելի խորհրդարանը քննարկել է Հայոց ցեղասպանության ընդունման հնարավորությունը

Իսրայելի խորհրդարանում երեքշաբթի օրն անցկացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության քննարկում:

Բազմաթիվ պետությունների կառավարությունները, ներառյալ Իսրայելի կառավարությունը, անցյալում փորձել են խուսափել Հայոց ցեղասպանության փաստն ճանաչել՝ Անկարային չզայրացնելու նպատակով, սակայն Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններում անկում է գրանցվել այն ժամանակից, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զբաղեցրել է իր պաշտոնը և, Իսրայելի կարծիքով, մեկնարկել կառավարման «մահմեդականամետ» եղանակի հաստատումը:

Իսրայելի շրջակա միջավայրի նախարար Գիլադ Էրդանը խորհրդարանական քննարկման ընթացքում ասել է, որ Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետրը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Կնեսետի խոսնակ Ռոյվեն Ռիվլինը սակայն նշել է, թե այս քննարկումն ուղղված չէ ժամանակակից Թուրքիայի դեմ:

Խորհրդարանը երեքշաբթի օրը չի անցկացրել որևէ քվեարկություն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ:

Քաղաքական վերլուծաբան Լեոն Հադարը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է, որ Իսրայելում աճում է այն օրենսդիրների թիվը, որոնք նախկինում դեմ էին հանդես գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման, սակայն այժմ ցանկանում են բարձրացնել այս հարցը՝ օգտագործելով այն որպես լծակ Թուրքիայի հետ հարաբերություններում:

«Կարծում եմ՝ նման քայլն ունի շատ կողմնակիցներ ինչպես քաղաքական դաշտի աջակողմյան ուժերի շրջանում, որոնք զայրացած են Իսրայելի և պաղեստինցիների հակամարտության հարցում Թուրքիայի զբաղեցրած դիրքորոշման պատճառով, այնպես էլ ձախակողմյան ուժերի շրջանում, որոնք միշտ ցանկացել են դատապարտել Թուրքիայում իրականացված գազանությունները, և որոնc այս քայլի դիմելուց հետ է կանգնեցրել կառավարությունը: Այսպիսով՝ Թուրքիային այս հարցում դատապարտելու համար առկա է հասարակության ուժեղ և անկեղծ աջակցություն», - ասել է Հադարը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն Իսրայելի կողմից նոր թափ կհաղորդի հայկական հարցին ամբողջ աշխարհում, սակայն է՛լ ավելի մեծ լարվածություն կստեղծի Թուրքիայի հետ հարաբերություններում:

«Կառավարությունն այս պահին դեռևս ցանկանում է «բաց պահել դուռը»` Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար: Ենթադրում եմ՝ նրանք կարող են բարձրացնել այս հարցը, սակայն հետագայում որոշում ընդունել քվեարկությունը հետաձգելու կամ կասեցնելու մասին», - ասել է վերլուծաբանը:

Հայոց ցեղասպանության փաստն ընդունվել է աշխարհի ավելի քան 20 պետությունների կողմից, սակայն այն դեռևս չի ընդունվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից: