Իսրայելը Գազայի գոտու ուղղությամբ օդային հարձակում է իրականացրել

Իսրայելի կողմից Գազայի գոտու ուղղությամբ իրականացված օդային հարձակումներից մեկի հետևանքներ (արխիվային լուսանկար)

Իսրայելի ռազմական օդանավերը հարձակում են իրականացրել Գազայի գոտու կենտրոնական մասի ուղղությամբ:

Ռազմական աղբյուրների համաձայն, հարձակումն իրականացվել է ի պատասխան «Համաս» խմբավորման կողմից վերահսկվող տարածքից դեպի Իսրայել հրթիռների արձակման:

Իսրայելի զինված ուժերի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, այն գիշերվա ընթացքում ռմբակոծվել է սպառազինության արտադրանքի համար օգտագործվող մի հաստատություն:

Պաղեստինյան «Մաան» լրատվական գործակալության վկայությամբ, հարձակման պատճառով հրդեհ է բռնկվել, սակայն զոհեր չեն եղել:

Իսրայելի զինված ուժերը կանոնավոր օդային հարձակումներ են իրականացնում Գազայի գոտու ուղղությամբ` ի պատասխան այնտեղից արձակվող հրթիռային կրակի: Անցյալ ամիս նման հարձակումներից մեկի ընթացքում, պաղեստինցիների համաձայն, զոհվել է տասը մարդ:

Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միությունը «Համաս» խմբավորումը ահաբեկչական կազմակերպություն են համարում: