Իրաքի երեխաներն ապրում են պատերազմի վերքերով

Իրաքի երեխաներն ապրում են պատերազմի վերքերով

2001թվականին Միացյալ Նահանգների վրա ահաբեկչական հարձակմանը Միացյալ Նահանգներն արձագանքեց ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարով: Նախ` զորքեր ուղարկեց Աֆղանստան, ապա Իրաք, որտեղ երեխաների արդեն մեկ ամբողջ սերունդ կրում է ութ տարվա ներքին պայքարի սպին:

Իրաքցի ընկերներ Մուհամեդ Ահմեդը և Սադիք Ալին միշտ միասին են եղել: Նրանք ծնվել են մի քանի ամիս տարբերությամբ, խաղացել նույն բակում, միասին դպրոց գնացել և երազել ֆուտբոլի աստղ դառնալու մասին:

Դեռահասները միասին խաղում էին Մուհամեդի տան առջև նաև չորս տարի առաջ, երբ նրանց կողքին մի հրթիռ ընկավ: Դա ընդմիշտ փոխեց նրանց կյանքը` Ալին կորցրեց աջ ոտքը, Ահմեդը` ձախ, իսկ երրորդ ընկերը մահացավ:

«Ես երազում էի շատ լավ ֆուտբոլիստ դառնալ, սակայն պայթյունից հետո կորցրի ոտքս և արդեն գիտեի, որ դա ինձ չի հաջողվի», - ասում է Մուհամեդը:

Երկու ընկերներն Իրաքի երեխաների այն սերնդից են, որ սարսափած է ներքին այն բռնություններից, որոնք հետևել են Միացյալ Նահանգների կողմից Սադամ Հուսեյնի բռնապետության տապալմանը:

Ներքաղաքական, հանցախմբերի և ազգայնական ապստամբների միջև ծավալված պայքարի արդյունքում հազարավոր մարդիկ վիրասվածքներ են ստացել մեքենաներում տեղադրված ռումբերի, հրթիռային հարձակումների, փողոցային մարտերի և տարիներ ձգվող պայքարի արդյունքում: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, 800 հազար երեխա կորցրել է առնվազն մեկ ծնող:

Ալի Մուհամեդ Հիալը հիմնադրել է հասարակական կազմակերպություն, որն օգնում է ընթացիկ ահաբեկչությունից և բռնությունից տուժած երեխաներին:

«Իմ մանկությունն Իրան-Իրաք պատերազմն էր: Սակայն այժմ տեղի ունեցող ողբերգությունն ավելի մեծ ազդեցություն է ունենում երեխաների վրա: Ես համենայնդեպս կարող էի ազատ խաղալ փողոցում` այն ժամանակ փողոցներում պայթյուններ տեղի չէին ունենում», - ասում է Հիալը:

Սոցիալական ծառայությունները սակավաթիվ են: Ծնողների, պաշտոնյաների և շահութ չհետապնդող հաստատությունների խոսքերով` Իրաքի կառավարությունը չի կարող այս երեխաներից շատերին ապահովել կացարանով, խորհրդատվությամբ և բժշկական խնամքով: Վնասվածքների վիրահատումն անվճար է, բայց մնացած բոլոր բժշկական ծախսերի համար անհրաժեշտ է վճարել:

Մուհամեդի հայր Ահմեդ Շավադիի համաձայն, կառավարությունը ոչինչ չի տրամադրում: «Երբ Մուհամեդը վիրավորվեց, ես ստիպված էի բոլոր դեղամիջոցները գնել արտասահմանից», - ասում է նա:

Իրենց կորստի պատճառով Մուհամեդը և Սադիքը երբեք չեն դադարեցրել սատարել միմյանց: Մուհամեդը լավ աշակերտ է և օգնում է Սադիքին: Նրանք կատակում են, վիճում, ամեն օր ֆուտբոլ խաղում:

Իրենց ընտանիքների ուշադրությունն աստիճանաբար շեղվել է դեպի առօրյա հոգսերը, այլ ընկերներ հեռացել են, սակայն Մուհամեդը և Սադիքը միշտ միասին են: Ինչպիսին էլ լինի նրանց ապագան, նրանք միասին կլինեն` նվիրաբերված իրենց ձեռնափայտերով և ոտքի պրոթեզով: