Իրաքը նավթի ամենամեծ պաշարներն ունեցող երկրներից է, սակայն նրա տնտեսությունը տուժում է բարձր գործազրկության, պատերազմի վնասի և միջազգային հանրության կողմից անցյալում կիրառված պատժամիջոցների հետևանքով: Խարխլված ենթակառուցվածքը և քաղաքական վեճերը ևս թուլացնում են տնտեսական աճը:
Իրաքի տարեկան 82 միլիարդ դոլար ծավալ ունեցող տնտեսության մեջ գերակշռում է նավթը: Այն գերազանցում է տնտեսության մնացած ճյուղերին և, ըստ որոշ տնտեսագետների, կարող է երկնիշ տնտեսական աճ ապահովել: Դա մեծ տպավորություն է թողնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վրա, որն ասել է, որ առաջիկա տարիներին Իրաքի տնտեսությունը Չինաստանի կամ Հնդկաստանի տնտեսությունից ավելի արագ կաճի:
Նախագահ Օբաման այս հայտարարությունն արել է Վաշինգտոնում Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի հետ ունեցած հանդիպումից հետո:
Աշխարհում նավթի երկրորդ ամենամեծ պաշարները Իրաքում են, սակայն այդ հարստության մեծ մասը դեռ ընդերքում է:
«Իրաքը փորձի և փորձառության կարիք ունի, և ամերիկյան և արտասահմանյան փորձը կօգնի Իրաքին շահագործել իր իսկ հարստությունը կատարյալ եղանակով», - ասել է Իրաքի վարչապետը:
Օտարերկրյա նավթային ընկերությունները գործարքներ են կնքել Իրաքում սակայն հապաղում են լրացուցիչ ներդրումներ կատարել, քանի դեռ Բաղդադում կենտրոնական կառավարությունը և քրդական շրջանային կառավարությունը համաձայնության չեն եկել տնտեսության այս վճռորոշ հատվածի շուրջ: Տարիներ շարունակ նրանք վիճում են օտարերկրյա նավթային ընկերությունների հետ համաձայնությունները հաստատելու իրավունքի և այդ գործարքները համակարգելու շուրջ:
Իրաքի տնտեսությունը դանդաղորեն վերականգնվում է պատերազմից և պատժամիջոցներից: Մեկ անձին բաժին ընկնող համախառն ներքին արտադրանքը մի ժամանակ իջել էր մինչև 800 դոլարի, իսկ այժմ բարձրացել է՝ հասնելով գրեթե 3000 դոլար ցուցանիշի։ Սակայն դա ավելի ցածր է, քան եղել է 1970-ական թվականներին: Գործազրկության մակարդակը կազմում է առնվազն 18 տոկոս, սակայն նավթարդյունաբերության աճող արդյունավետությունը նշանակում է, որ աշխատատեղերը, անցյալի համեմատությամբ ավելի քիչ կլինեն:
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Միջազգային տնտեսագիտության Փեթըրսոնի ինստիտուտի աշխատակից Մոսին Խանի համաձայն, 1970-ական թվականներին նավթամշակման մեկ գործարանում աշխատում էր հազար մարդ էր, սակայն այժմ նույն գործարանի աշխատանքի համար պահանջվում է ընդամենը տասը աշխատող:
«Համակարիգչների և տեխնոլոգիայի զարգացման պատճառով բազմաթիվ աշխատողների կարիքը չկա», - ասում է նա:
Սակայն Իրաքին հարկավոր են աշխատատեղեր, քանի որ երկրի 32 միլիոն քաղաքացիների գրեթե մեկ քառորդն ապրում է աղքատության մեջ: