Քրդերը Իրաքում պնդում են, որ առանց իրենց Իրաքը չի կարող Մոսուլը հետ գրավել

Քրդական «Փեշմերգա» զորախմբերը Հյուսիսային Իրաքի ճակատում դիմակայում են «Իսլամական պետություն» խմբավորմանը: Քրդական Մախմուր ռազմական ճամբարում առաջիկայում սպասվում է Մոսուլի ազատագրման մարտարշավ: Սակայն քրդերը պնդում են, որ առանց իրենց Իրաքը Մոսուլը չի կարող հետ գրավել ու առավել ևս՝ պահել այն:

Մախմուր զորակայանը գտնվում է Իրաքի քրդական ուժերի և «Դաեշի» բաժանարար գծի հատվածում: Այն երկար սպասված Մոսուլի ծրագրվող ճակատամարտի կարևորագույն հենակետերից մեկն է: Այստեղ տեղակայված ուժերը չեն հավատում, թե «Դաեշը» թուլանում է:

.

Գեներալ-մայոր Շիրվան Բարզանին կարծում է, որ Մոսուլը դժվարին կռվի դաշտ է լինելու. «Դաեշը իրապես շատ վտանգավոր է: Նրանք շատ փորձված զինյալներ ունեն», - ասել է Բարզանին: «Նրանք օգտագործում են նոր մոտեցումներ, նոր տեխնոլոգիաներ, հատկապես՝ ինքնասպան ահաբեկչության պայթուցիկների առումով, ուստի նրանք իրոք շատ մեծ մարտական կարողություններ ունեն, նրանք վտանգավոր մարդիկ են», - ավելացրել է նա:

Բարզանին մտահոգված է, որ մարտարշավի համար կան լուծելու շատ խնդիրներ, որոնք դեռևս հաղթահարված չեն. «Խոսքը միայն «Դաեշին» հետ շպրտելու մասին չէ: Դրանից հետո դեռ պետք է պահել այդ հողը: Ուստի կարծում եմ, Իրաքը առնվազն 25 հազար զինվոր ու սպա պետք է գործարկի այս մարտարշավի համար և գրեթե տասը հազար «Փեշմերգա»», - ասել է Բարզանին:

Մարտադաշտը լավ ծանոթ է Օմար Միրհանին՝ «Փեշմերգայի» ավագ մարտիկին. «Արդյո՞ք ցանկանում եք, որ Իրաքի բանակը գրավի Մոսուլը: Քանի դեռ Միացյալ Նահանգների ցամաքային զորքերը և «Փեշմերգա»-ի ուժերը չեն բերվել այստեղ, Աստծով եմ երդվում, նրանք չեն կարող վերցնել Մոսուլը», - ասում է Միրհանին:

Դեռևս թրծվող ճակատամարտի նախագծի վերաբերյալ Իրաքի ու ԱՄՆ-ի պաշտոնյաների վերջնական որոշում դեռ չի կայացվել: