Իրաքում ոչնչացվել է «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող, մահապարտների միջոցով պայթյուններ և այլ հարձակումներ իրականացրած «Իրաքի իսլամական պետություն» խմբավորման ռազմական բարձրաստիճան առաջնորդը։
Իրաքի անվտանգության ուժերի գեներալ Քասիմ ալ-Մուսավին լրագրողներին հայտնել է հինգշաբթի օրն իրականացված ռազմական գործողությունների ընթացքում ալ-Նասեր Լիդին Ալլահ Աբդու Սուլեյմանին ոչնչացնելու մասին։
«Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ, ռազմական այս գործողությունն իրականացվել է Բաղդադից դեպի արևմուտք գտնվող Հիթ քաղաքի մոտակայքում՝ առանց ԱՄՆ-ի ուժերի մասնակցության։
Աբու Սուլեյմանը «Իրաքի իսլամական պետություն» խմբավորման «պատերազմի նախարար» էր դարձել անցյալ տարի, երբ ԱՄՆ-ի և իրաքյան ուժերը ոչնչացրել էին այս պաշտոնում նրա նախորդին։