Իրանի նորընտիր նախագահը բաց և ազատ հասարակության կոչ է արել

Iran's President - elect Hasan Rowhani, after speaking at a press conference, in Tehran, June 17, 2013.

Ռոհանի. «Ուժեղ կառավարությունն այն կառավարությունը չէ, որը միջամտում է իր քաղաքացիների անձնական կյանքին»
Իրանի նորընտիր նախագահը հանդես է եկել երկրի հասարակությունն առավել բաց դարձնելու կոչով՝ նշելով, որ «ուժեղ կառավարությունն այն կառավարությունը չէ, որը միջամտում է իր քաղաքացիների անձնական կյանքին»:

Այս հայտարարությամբ Հասան Ռոհանին հանդես է եկել չորեքշաբթի օրը Թեհնարում մի խումբ հոգևորականների հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Ռոհանին ասել է, թե ժամանակն է եկել, որ երկրի կառավարությունը սկսի օգտագործել «Facebook»-ի նման սոցիալական կայքեր, որոնք ինքը «բարենպաստ երևույթներ» է անվանել: Նա ասել է նաև, որ Իրանը պետք է դադարեցնի դեպի համացանց մուտքի արգելափակմանն ուղղված գործողությունները:

Իրանի նորընտիր նախագահն ասել է նաև հանդիպմանը մասնակցած հոգևորականներին, որ երկրի պետական լրատվամիջոցները պետք է առավել բաց լինեն Իրանի խնդիրների նկատմամբ՝ հավելելով, որ կառավարությանն «անհրաժեշտ է բռնել համբերատարության, խոհեմության և չափավորության ուղին»:

Ռոհանիի, ինչպես նաև Իրանի բոլոր նախագահների, իշխանությունն այնուամենայնիվ սահմանափակ է: Իրանում քաղաքականության վերաբերյալ կարևորագույն բոլոր որոշումների ընդունման իրավունքը վերապահված է երկրի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին: