Փաստաբան. «Իրանում գտնվող ԱՄՆ-ի զբոսաշրջիկների գործով դատավճիռը կայացվելու է հաջորդ շաբաթ»

Ամերիկացի զբոսաշրջիկներ Շեյն Բաուեր և Ջոշ Ֆեթլ (արխիվային լուսանկար)

«Լրտեսության մեղադրանքներով Իրանում բանտարկության մեջ գտնվող ԱՄՆ-ի զբոսաշրջիկների գործով դատավճիռը կայացվելու է հաջորդ շաբաթ»:

Այս հայտարարությամբ Իրանում կիրակի օրը զբոսաշրջիկների գործով ավարտական դատավարությունը կայանալուց հետո հանդես է եկել զբոսաշրջիկների փաստաբան Մասուդ Շաֆիեին:

Դատավարությունն անցկացվել է Շեյն Բաուերի, Ջոշ Ֆեթլի և Սառա Շուրդի ձերբակալության օրից ուղիղ երկու տարի անց:

Հիշեցնենք, որ Սառա Շուրդը և ամերիկացի երկու այլ զբոսաշրջիկներ` Շեյն Բաուերն ու Ջոշ Ֆեթլը ձերբակալվել էին 2009 թվականի հուլիսին՝ հյուսիսային Իրաքից Իրանի տարածք անցնելուց հետո: Զբոսաշրջիկները պնդում են, որ սահմանն անցել են պատահմամբ:

Սառա Շուրդն ազատ է արձակվել անցյալ տարվա սեպտեմբեր ամսին 500 հազար դոլար գրավի դիմաց և վերադարձել ԱՄՆ։

Ամերիկացի զբոսաշրջիկների փաստաբանը ավելի վաղ հայտնել է, թե այն հանգամանքը, որ դատավարությունը համընկել է ձերբակալության երկրորդ տարեդարձի հետ, կարող է վկայել այն մասին, որ Թեհրանը մտադրություն ունի ազատ արձակել նրանց:

Բացի դրանից, Շաֆիեին կարծիք է հայտնել, որ իր պաշտպանյալները կարող են շուտով ազատ արձակվել, քանի որ իրենց դատավարությունը համընկնում է մահմեդական «Ռամադան» սուրբ ամսվա սկզբի հետ, երբ, մահմեդական ավանդույթի համաձայն, թույլատրվում է ազատ արձակել բանտարկյալներին: