Ամերիկացի զբոսաշրջիկների փաստաբանը հաստատել է դատավարության անցկացման ամսաթիվը

Ամերիկացի զբոսաշրջիկների փաստաբանը հաստատել է դատավարության անցկացման ամսաթիվը

Իրանում լրտեսության մեղադրանքով կալանավորված ամերիկացիների փաստաբանը հայտնել է, որ նրանց գործով դատավարությունը սկսվելու է նոյեմբերի 6-ին:

Մասուդ Շաֆիին չորեքշաբթի օրը հայտնել է, որ այդ մասին տեղեկացրել են Իրանում բանտարկության մեջ դեռևս մնացող երկու ամերիկացիների ընտանիքները:

Իրանի իշխանություններն ամերիկացի զբոսաշրջիկներ Շեյն Բաուերին, Ջոշ Ֆեթլիին և Սառա Շուրդին անցյալ տարի ձերբակալել էին Իրաքի հետ սահմանն ապօրինի անցնելու մեղադրանքով: Անցյալ ամիս Իրանն ազատել է Շուրդին` 500 հազար դոլարի չափով գրավ ստանալու դիմաց:

«Ֆրանսպրես» գործակալությունը, մեջբերելով Շաֆիին, հայտնել է, թե Սառա Շուրդը կարող է չվերադառնալ Իրան` դատավարությանը մասնակցելու համար, սակայն այդ դեպքում նա կորցնելու է գրավադրված գումարը հետ ստանալու իրավունքը: