Խամենեին նախազգուշացնում է, իսկ պետքարտուղարությունը՝ զգուշացնում

khamenei

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին նշել է, որ եթե անգամ միջուկային գործարքը հաջողությամբ պսակվի, Իրանը իր դռները չի բացի արտասահմանյան ազդեցության համար: Նման խոսքերով նա հանդես եկավ Իրանին տնտեսական պատժամիջոցներից ազատող գործարքի վերջին բաղադրատարրերը մշակելուն զուգահեռ:

Այաթոլահ Խամենեին երկուշաբթի ելույթ էր ունեցել Թեհրանում ժողովրդի առջև:Իրանի գերագույն առաջնորդը հայտարարեց. «Այս գործարքը, որը և՛ Իրանում, և թե՛ Ամերիկայում պարզ չէ կհաստատվի, թե՝ ոչ, կարծում են, որ կբացի Իրանը իրենց ազդեցության համար: Մենք խոչընդոտել ենք այդ ուղին և հաստատ ապագայում ևս կխոչընդոտենք այն»:

Խամենեի խոսքը մերթընդմերթ ընդհատվում էր լսարանի «մահ Ամերիկային, Իսրայելին, Բրիտանիային» կոչերով. «Իսլամական հանրապետությունը ամբողջապես կաջակցի յուրաքանչյուրին, ով ընդդիմանում է Իսրայելի վարչախմբին և նախընտրում է դիմադրությունը», - ասաց Իրանի գերագույն ղեկավարը:

Մինչ դեռ Մոսկվայում Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարները միակարծիք են, որ հուլիսի 14-ին Վիեննայի գործարքը կխթանի երկկողմանի կապերը. «Մեր հարաբերությունները լավ են եղել և գործարքը դրական ազդեցություն կունենա զարգացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում, ներառյալ՝ տնտեսականը, պաշտպանականը և այլն», - ասաց Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը:

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին երկուշաբթի օրը վերահաստատեց, որ գործարքը սահմանափակում է միջուկային զենք արտադրելու Իրանի կարողությունները. «Իրանի հետ կան նաև խորապես անհանգստացնող այլ հարցեր, որոնց շուրջ համաձայնություն դեռևս չկա: Մասնավորապես կապված նրանց ապակայունացնող գործունեության հետ: Մենք դեռևս մեզ վերապահում ենք անհրաժեշտ միջոցների կիրառումը, լինի դիվանագիտական, տնտեսական, թե՝ ռազմական, ազդելու համար նրանց այդ գործելակերպի վրա», - ասաց նա:

Անգամ միջուկային գործարքը կյանքի կոչելու պարագայում՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև մնում են խորը հակասական հարցեր, այդ թվում՝ Իսրայելը, Սիրիայի քաղաքացիական պատերազմը և Եմենի հակամարտությունը: Հուսանք, որ դրանք կկարգավորվեն առանց ռազմական սրացումների:

Տիգրան Մարտիրոսյան