Իրանում ցուցարարները գրոհել են Մեծ Բրիտանիայի դիվանագիտական առաքելությունը

Իրանում ցուցարարները գրոհել են Մեծ Բրիտանիայի դիվանագիտական առաքելությունը

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ցուցարարները գրոհել են Մեծ Բրիտանիայի դիվանագիտական առաքելության երկու մասնաշենք` ի պատասխան Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից Իրանի դեմ տնտեսական նոր պատժամիջոցների սահմանման:

Ցուցարարները երեքշաբթի օրը դիվանագիտական առաքելություն ներխուժելուց հետո կոտրել են պատուհանների ապակիները, ցրիվ արել փաստաթղթերը, հանել Մեծ Բրիտանիայի դրոշը: Շենքերից մեկից խռովությունների մասնակիցները հեռացրել են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի դիմանկարը:

Դիվանագիտական առաքելությունից դուրս գտնվող ամբոխը վանկարկել է «Մահ Մեծ Բրիտանիային»:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն իր զայրույթն է արտահայտել տեղի ունեցածի կապակցությամբ` ասելով, որ հարձակման բոլոր մանրամասները դեռևս ճշտվում են:

Մեծ Բրիտանիան անցյալ շաբաթ դադարեցրել է գործարքներն Իրանի բոլոր բանկերի, ներառյալ երկրի Կենտրոնական բանկի հետ` որպես Միացյալ Նահանգների և Կանադայի հետ համակարգված պատժամիջոցների մաս:

Այս քայլին Միացյալ Նահանգները Կանադան և Մեծ Բրիտանիան դիմել են` ի պատասխան Թեհրանի կողմից միջուկային զենք մշակելու ծրագրի իրականացման վերաբերյալ տեղեկությունների, որոնք ներկայացվել են ՄԱԿ-ի ատոմային էներգիայի գործակալության վերջին զեկույցում: