Իրանի արժույթն արժեզրկվել է 17 տոկոսով՝ մեկ օրվա ընթացքում

ԱՄՆ-ի արտգործնախարարություն. «Ռիալի փոխարժեքի անկումը վկայում է միջազգային հանրության կողմից Իրանի տնտեսության նկատմամբ գործադրվող ճնշման հաջողության մասին»
Իրանի արժույթի փոխարժեքին հետևող կայքերը, ինչպես նաև երկրում արժույթի առքուվաճառքով զբաղվող անձինք հայտնել են պետական արժույթի՝ ռիալի մեկ օրվա ընթացքում 17 տոկոսով արժեզրկման մասին:

Ռիալը երկուշաբթի օրն արժեզրկվել է՝ մեկ դոլարի դիմաց 29600 ռիալ ցուցանիշից հասնելով 34500 ռիալ ցուցանիշի:

Իրանի դրամն այս տարի արժեզրկում է ապրել՝ Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության կողմից տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հետևանքով, որոնց նպատակն է՝ ստիպել Թեհրանին դադարեցնել ուրանի հարստացման ծրագրերը:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդի համաձայն, ռիալի փոխարժեքի անկումը վկայում է «միջազգային հանրության կողմից Իրանի տնտեսության նկատմամբ գործադրվող չդադարող և հետզհետե ավելացող ճնշման հաջողության մասին»:

Նուլանդի համաձայն, Արևմտյան պետությունների կողմից գործադրվող պատժամիջոցները կարևոր գործիք են՝ ստիպելու համար Իրանին փոփոխություններ իրականացնել միջուկային իր ծրագրում:

Իրանի տնտեսական խնդիրների պատճառով երկրի ներսում աճում է նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կառավարման եղանակի քննադատությունը:

Արժութային ճգնաժամին Իրանի կառավարությունն արձագանքել է՝ անցյալ ամիս ստեղծելով «արժույթի փոխանակման կենտրոններ», որոնք հիմնական ապրանքատեսակներ ներմուծողներին դոլար են տրամադրում պաշտոնական փոխարժեքից՝ 12260 ռիալ մեկ դոլարի դիմաց մի փոքր ավելի ցածր փոխարժեքով:

Որոշ տնտեսագետներ սակայն պնդում են, որ նման եղանակով Իրանի կառավարությունը խթանել է արտարժույթի նկատմամբ պահանջարկը՝ արագացնելով ռիալի արժեզրկումը: