Հայաստանը հերքում է լրտեսի մասին հաղորդագրությունները

Հայաստանը հերքում է լրտեսի մասին հաղորդագրությունները

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի չունի որևէ գրառում, որում նշված լինի նման անուն ազգանունով որեւէ մեկի կողմից Հայաստանի տարածքից Իրան կամ Իրանի տարածքից Հայաստան անցնելու մասին տեղեկություն:

Ֆրանսիայի լրատվական գործակալություններից մեկը հայտնել է, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը չունի ԱՄՆ-ի քաղաքացի ոմն Հալլ Թալայանի կողմից Իրան անցնելու մասին որևէ վկայություն:

Իրանի լրատվամիջոցների կողմից հինգշաբթի օրը տարածված հաղորդագրություններում նախ նշվել է, թե 55-ամյա Հալլ Թալայանը ձերբակալվել է և նրա ատամում լրտեսական սարքավորումներ են հայտնաբերվել:

Նույն օրվա ընթացքում ավելի ուշ Իրանի պետական հեռուստատեսությունը տարածել է հակասող հաղորդագրություն, որի համաձայն Թալայանի մուտքը Իրան մերժվել է` մուտքի արտոնագրի բացակայության պատճառով, և նա վերադարձել է Հայաստան:

Հայաստանի իշխանություններն ուրբաթ օրը հայտնել են սակայն, որ այդ անունով որևէ անձ Հայաստան մուտք չի գործել և երկրի տարածքը չի լքել: