Գամբիացի իրավաբան Ֆաթու Բենսուդան երդում է տվել որպես Միջազգային քրեական դատարանի գլխավոր նոր դատախազ:
51-ամյա Բենսուդայի երդմնակալության արարողությունն անց է կացվել ուրբաթ օրը Հաագայում՝ Միջազգային քրեական դատարանում:
Միջազգային քրեական դատարանի գլխավոր նոր դատախազ Ֆաթու Բենսուդան այս պաշտոնը զբաղեցնող առաջին կինն է և Աֆրիկայի առաջին ներկայացուցիչը, սակայն որոշ վերլուծաբաններ քննադատել են նրան՝ միայն Աֆրիկայի պետությունների վերաբերյալ գործերի նկատմամբ ուշադիր լինելու համար:
Բենսուդան անցյալ շաբաթ տված հարցազրույցում հերքել է այս մեղադրանքները՝ ասելով, որ «ինքն աշխատում է Աֆրիկայի զոհերի համար»:
Ֆաթու Բենսուդան Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազի պաշտոնում փոխարինել է արգենտինացի Լուիս Մորենո-Օկամպոյին: Մորենո-Օկամպոն Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է ինը տարի:
Բենսուդան նախկինում զբաղեցրել է Ռուանդայի գործերով միջազգային քրեական դատարանի իրավական գլխավոր դատախազի պաշտոնը, որից առաջ աշխատել է Գամբիայի գլխավոր դատախազի պաշտոնում: