Ինդոնեզիայում շարունակվում է հրաբխի ժայթքումը

Այս շաբաթ Ինդոնեզիայում երրորդ անգամ է ժայթքել Սինաբունգ լեռան հանգած հրաբուխը` 3 հազար մետր վեր նետելով մոխրի և ծխի հսկա ամպեր:

Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են, որ ժայթքումը զգացվել է նույնիսկ ութ կիլոմետր հեռավորության վրա: Լեռան լանջերին գրանցված ուժգին ցնցումներից հետո խուճապի մատնված գյուղացիները իրենց տներից դուրս են թափվել փողոցներ:

Ուրբաթ օրը տեղի ունեցած ժայթքումն ավելի ուժգին էր, քան կիրակի և երկուշաբթի օրերին տեղի ունեցածները: Սինաբունգի հրաբխի ժայթքումը 400 տարվա մեջ տեղի ունեցած առաջին ժայթքումն է:

Լեռան լանջերին գտնվող բնակավայրերից երկրի իշխանությունները էվակուացրել են ավելի քան 20 հազար մարդ:

Սակայն գյուղացիներից շատերը վերադարձել են տուն` չնայած Սինաբունգի հրաբխի ակտիվ լինելու մասին նախազգուշացումներին:

Հրաբուխներ հետազոտող գիտնականներից մեկը հայտնել է «Ամերիկայի ձայն»-ի թղթակցին, որ ուժգին ժայթքումներ այլևս չեն սպասվում: